Շիրակ Բունիաթյանը կոչ է անում Ջերմուկի բնակիչներին պահանջել Գնդեվազ գյուղի վարչական ղեկավարի հրաժարականը

25-09-2020 13:16:30   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն



Ես որպես Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչ, պահանջում եմ աշխատանքից ազատել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի վարչական  ղեկավար , Հայրապետ Էդիկի Մկրտչյանին։
 
Հիմք ընդունելով այն, որ...
Սույն թվականի փետրվարի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի և Վայոց ձորի մարզի դատարան է փոխանցվել համար 35100219 նախաքննական գործը։
«Հայրապետ Էդիկի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, որդու՝ Լայերտ Մկրտչյանի օժանդակությամբ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով օգտագործել է իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով Գնդեվազ համայնքի օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:
Հայրապետ Էդիկի Մկրտչյանը 2012 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ներկայումս Ջերմուկ համայնքին միավորված Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում համայնքային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ՝ օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով: Վերջինս ի պաշտոնե մասնակից լինելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ «Գեոթիմ» ՓԲ ընկերության կողմից համայնքում հրավիրված հանդիպումներին, դեռևս 2013 թվականից տեղյակ է եղել, որ ՀՀ կառավարությունը որոշել է հանքավայրի կույտային տարալվացման հարթակը Սյունիքի մարզի Սարավան համայնքից տեղափոխել Գնդեվազ համայնք: Գիտակցելով, որ նշված հանգամանքով պայմանավորված՝ «Գեոթիմ» ՓԲ ընկերության համար անխուսափելիորեն առաջանալու է այդ հարթակի կառուցման վայրում գտնվող հողատարածքները ձեռք բերելու
անհրաժեշտություն և տեղյակ լինելով, որ ընկերությունը դրա դիմաց պատրաստ է լինելու բարձր գին վճարել, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ նպատակադրվել է ձևական աճուրդի միջոցով որդու՝ Լայերտ Մկրտչյանի անվամբ այդ վայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք ձեռք բերել, այնուհետև այն ընկերությանն անհամեմատ
բարձր գնով վաճառել:
Մտադրությունն իրագործելու նպատակով, Հայրապետ Մկրտչյանն օժտված լինելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու վերաբերյալ համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և ավագանու որոշմամբ օտարելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, հողային օրենսգրքով, այլ օրենքներով ու նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համայնքի ավագանու հետ համայնքային սեփականության ներքո գտնվող հողերը կառավարելու և տնօրինելու, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերն օտարելու լիազորություններով, 2014 թվականի մարտի 27-ին հրավիրել է Գնդեվազ համայնքի ավագանու նիստ և ստանալով 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքն օտարելու վերաբերյալ ավագանու համաձայնությունը՝ որոշում է կայացրել աճուրդի միջոցով այն օտարելու մասին՝ աճուրդի մեկնարկային գին սահմանելով դրա կադաստրային արժեքի 60 տոկոսի չափով՝ 372.000 ՀՀ դրամ:
Այնուհետև, Հայրապետ Մկրտչյանը, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված արգելքն այն մասին, որ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ինչպես նաև այն անձինք, ովքեր սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք, աճուրդի մասնակից է գրանցել 18 տարին չլրացած՝ քաղաքացիական գործունակությամբ չօժտված իր որդուն՝ Լայերտ Հայրապետի Մկրտչյանին: 2014 թվականի մայիսի 6-ին Լայերտ Մկրտչյանը մասնակցել է Գնդեվազի համայնքապետարանում Հայրապետ Մկրտչյանի կազմակերպած և անձամբ վարած աճուրդին, որի ընթացքում օժանդակել է նրան՝ սակարկության սկսման համար մեկից ավելի սակարկողների առկայության անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված՝ խոչընդոտը հաղթահարելու, սակարկության ընթացքում 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքի դիմաց առավել բարձր քայլ կատարելով հաղթող ճանաչվելու և 410.130 ՀՀ դրամով այն ձեռք բերելու իրավունք ստանալու եղանակով:
Դրանից հետո՝ 2014 թվականի մայիսի 29-ին, Լայերտ Մկրտչյանը շարունակել է օժանդակել Հայրապետ Մկրտչյանի հանցավոր գործողություններին և քաղաքացիական գործունակությամբ օժտված չլինելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ջերմուկ սպասարկման գրասենյակում Գնդեվազ համայնքի՝ ի դեմս Հայրապետ Մկրտչյանի, հետ կնքել է 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքի առուվաճառքի պայմանագիր և 410.130 ՀՀ դրամով գնել է այն, իսկ 2015 թվականի մայիսի 26-ին. Հայրապետ Մկրտչյանի նախնական մտադրության համաձայն, նույն հողատարածքը անհամեմատ բարձր գնով՝ 147.300.838 ՀՀ դրամով վաճառել է «Լիդիան Արմենիան» ՓԲ ընկերության վերանվանված «Գեոթիմ» ՓԲ ընկերությանը:
Արդյունքում Հայրապետ և Լայերտ Մկրտչյանների վերոգրյալ գործողություններով Գնդեվազ համայնքին պատճառվել է 146.890.708 ՀՀ դրամի գույքային վնաս, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքերից, ինչպես նաև համայնքային միջոցներն անձնական շահերին ծառայեցնելով՝ հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմնի բարի համբավը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները»:
Կոչ եմ անում Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանուն և համայնքապետարանին,  իրենց լիազորությունների սահմանում հետ պահանջել Ջերմուկ համայնքին պատկանող և ակնհայտ չարաշահումներով  վաճառված 9,9 հեկտար հողատարածքը։
Կոչ եմ անում Ջերմուկ համայնքի բնակիչներին միանալ այս պահանջին, քանի որ անտրամաբանական է,  երբ աշխատանքային նման հետագիծ ունեցող անձինք հեղափոխություն ապրած երկրում շարունակում են պաշտոնավարել ու այդպիսով վարկաբեկել համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների բարի համբավը։
 
Ջերմուկի բնակիչ
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 1122 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար