Ի՞նչ հետևանքներ կունենա չբուժված կամ վատ բուժված ատամը

25-09-2020 16:48:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 
 
Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը, այլ արդեն դիմածնոտային վիրաբույժը։ Ինչո՞վ է վտանգավոր ստոմատոլոգին այցը ուշացնելը՝ կպատմի հենց «Արթմեդ» ԲՎԿ դիմածնոտային ծառայության վիրաբույժ Գրիգոր Գրիգորյանը Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:
 
Հավանաբար շատերը չգիտեն կամ չեն պատկերացնում, որ ընդամենը մեկ չբուժած ատամը, կարող է դառնալ առողջության, անգամ կյանքի սպառնալիք։ Կարիեսը և պուլպիտը նախ առաջացնում են պերիօդոնտիտ՝հարարմատային հյուսվածքների բորբոքում, հետո բորբոքային պրոցեսը տարածվում է ծնոտով մեկ՝առաջացնելով պերիօստիտ կամ ենթավերնոսկրային թարախակույտ,ինչպես նաև կարող է տարածվել  դեպի դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքներ՝առաջացնելով աբսցես կամ ֆլեգմոնա։ 
 
Հիվանդի ինքազգացողությունը վատանում է, ի հայտ են գալիս ինտոքսիկացիայի երևութներ, մինչև 40  ջերմության բարձրացում, ցավ, բերանի բացման սահմանափակում, մաշկի այտուց և հիպերեմիա։ 
 
Ինչպես պատմում է դիմածնոտային վիրաբույժ  Գրիգոր Գրիգորյանը, աբսցեսների ու ֆլեգմոնաների բուժումն արդեն պահանջում է վիրահատական միջամտություն և երբեմն ստացիոնար երկարատև բուժում. «Աբսցեսը պատիճավորված թարախային էքսուդատն է, իսկ ֆլեգմոնան բջջանքի տարածուն թարախային բորբոքումը: Կատարում ենք աբսցեսի կամ ֆլեգմոնայի բացահատում ու դրենավորում, ապահովում թարախի էվակուացիան, հետո նշանակում ենք դեղորայքային բուժում, անտիբիոտիկային թերապիա, հակահիստամինային, դեզինտոքսիկացիոն,ցավազրկող թերապիա: Հետվիրահատական շրջանը ստացիոնարում կախված է հիվանդի ընդհանուր վիճակից, հիվանդության բարձիթողիության աստիճանից»: 
 
Ավելին, ո՛չ միայն չբուժած,
այլև սխալ բուժված ատամը կարող է դառնալ դիմածնոտային լուրջ խնդիր։ Մասնավորապես, պատահում է, որ ոչ հմուտ ստոմատոլոգիական միջամտության արդյունքում հարքթային հայմորյան խոռոչներից մեկում պլոմբանյութ է հայտնվում։ Բժիշկ Գրիգորյանը ներկայացնում է դրա հավանական բարդությունները. «Կարող է զարգանալ սուր օդոնտոգեն (ատամնածին) հայմորիտ։ Խնդիրը ժամանակին չկանխելու դեպքում, կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝թարախաբորբոքային պրոցեսի տարածում դեպի դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքներ, հարքթային այլ խոռոչներ,դեպի ակնակապիճ,գլխուղեղ՝առաջացնելով այնպիսի ծանր բարդություններ ինչպիսիք են՝ դիմային երակի թրոմբոֆլեբիտ, մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ,ուղեղի աբսցես և այլն»:
 
 Օդոնտոգեն հայմորիտի ժամանակ լինում է դեմքի շրջանում ծանրության զգացում, ճառագայթող ցավ դեպի աչք, քունք, ականջ, քթից արտադրություն՝ շճային կամ թարախային բնույթի,հնարավոր է սուբֆեբրիլ ջերմություն: Եթե սուր շճային կամ սուր թարախային հայմորիտ է, բուժումը կատարվում է կոնսերվատիվ դեղորայքային մեթոդներվ։Հեռացվում է ինֆեկցիայի աղբյուր հանդիսացող ատամը, նշանակվում են քթի  կաթիլներ կամ փչոցներ, հակաբիոտիկային թերապիա, հայմորյան խոռոչի պունկցիա և լվացումներ։ Քրոնիկ օդոնտոգեն հայմորիտի ժամանակ կատարվում է վիրահատություն, հեռացվում են օտար մարմինը և պաթոլոգիական հյուսվածքները։ Պարտադիր հեռացվում  է պատճառային ատամը՝ հայմորիտի կրկնությունը բացառելու համար։ 
 
 
Դիմածնոտային բժիշկը հիվանդ ատամից առաջացող մեկ այլ լուրջ խնդիր էլ է նշում։ Հաճախ այդ նույն չհեռացված ատամից կարող է առաջանալ կիստա: Կիստան հեղուկով լի բարորակ գոյացություն է, որը կարող է առաջանալ վերին ու ստորին ծնոտներում, ժամանակի ընթացքում մեծանում է, սկսում քայքայել ոսկրային հյուսվածքը: Երբեմն ոսկորն այնքան է բարակում, որ առաջանում է ծնոտի ախտաբանական կոտրվածք:
 
«Կիստայի առանձնահատկությունն այն է, որ զարգանում է առանց ախտանշանների, այնքան ժամանակ մինչև մարդը դեմքին չի նկատում անհամաչափություն և ուռածություն: Երբեմն կիստաները պատահաբար են հայտնաբերվում ԼՕՌ բժշկի կամ ստոմատոլոգի ցուցումով կատարված ռենտգենաբանական հետազոտության արդյունքում: Երբեմն կիստան կարող է ավելի վաղ հայտնաբերվել, եթե առաջանա կիստայի թարախակալում, ու հիվանդը ցավեր ունենա»,- ասում է բժիշկ Գրիգորյանը:  
 
Սրանք դիմածնոտային այն խնդիրներն են, որոնք առաջանում են ատամներից, և դրանց լիարժեք բուժմամբ կարող է զբաղվել միայն դիմածնոտային վիրաբույժը։Դիմածնոտային բժիշկները հաճախ են կատարում հեռացումներ ոչ միայն բորբոքման պատճառ դարձած, այլև ռետենցված և կիսառետենցված, դիստոպիկ ատամների։ Դրանք այն ատամներն են,  որոնք գտնվում են ծնոտների մեջ, սխալ դիրք ունեն, չծկթած ժանիքներ կամ իմաստության ատամներ են, և հեռացվում են միայն վիրահատական միջամտությամբ, երբեմն անգամ պահանջվում է անեսթեզիոլոգիական ծառայություն՝ընդհանուր անզգայացում։ Դիմածնոտային վիրաբույժներն են զբաղվում
նաև հղիների, սոմատիկ խնդիրներ ունեցողների ատամների հեռացումով, երբ անհրաժեշտ է ստացիոնար պայմաններ և տարբեր մասնագետների խորհրդատվություն։  
«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի դիմածնոտային ծառայությունում մեծ հաջողությամբ իրականացնում են նաև կոտրվածքների վերականգնում և պլաստիկ միջամտություններ: Այստեղ իրականացվող պլաստիկ միջամտությունները ունեն ինչպես էսթետիկ,այնպես էլ ֆունկցիոնալ-վերականգնողական նշանակություն: Օրինակ՝ կարող է կատարվել ֆունկցիոնալ-ռեկոնստրուկտիվ վիրահատություն, երբ վնասվածքի կամ նորագոյացության հեռացման հետևանքով առաջանում է արտաքին թքի դեֆեկտ կամ դեֆորմացիա,ինչպես նաև  կատարվում են երկորրդային, երրոդային էսթետիկ վիրահատություններ։
 
 Օրթոգնատիկ վիրահատությունները ևս ունեն էսթետիկ և  ֆունկցիոնալ նշանակություն, դրանց շնորհիվ ուղղվում է սովորական դիրքից առաջ ու հետ տեղադրված ծնոտների կծվածքը: 
 
 «Արթմեդ» ԲՎԿ դիմածնոտային բաժանմունքը ընդունում է պլանային ու շտապ դեպքերով բազմաթիվ հիվանդները: Այստեղ կարևորվում է թիմային աշխատանքը.
 
պրոֆեսիոնալ բարձր մակարդակում հզոր ախտորոշիչ կենտրոնի, նյարդաբանական, ԼՕՌ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ պացիենտներին մատուցվում է արդյունավետ ու լիարժեք բուժում: 
 
Yerevaklur.am
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 162 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար