Ուսուցիչների թեստավորումը կավարտվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում

25-09-2020 18:04:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հանրապետությունում ուսուցիչների
թեստավորման գործընթացի կեսն արվել է, հոկտեմբերի առաջին տասնօրյակում կավարտվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
 
«Սեպտեմբերի 7-ից հանրապետությունում իրականացվում է ուսուցիչների դպրոցական անձնակազմի թեստավորում: Անձնակազմի մեծ քանակը հաշվի առնելով՝ երկու շաբաթում թեստավորման գործընթացը հնարավոր չէր ամբողջական ավարտին հասցնել: Կարծում եմ, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում ուսուցիչների թեստավորումը կավարտվի»,-ասաց Լուսինե Պարոնյանը:
 
Թեստավորված ուսուցիչների մոտ 1.5 տոկոսի շրջանում է հաստատվել կորոնավիրուս: Նրանք հիմնականում ախտանշաններ չեն ունեցել: Ներկայում 300-ից ավելի աշխատակից ինքնամեկուսացած է, բարդ դեպքեր չկան, նրանք իրենց տանն են:
 
Այս ընթացքում հաճախակի հանդիպող դեպքերից է այն, որ թեստի դրական պատասխան ունենալուց հետո ուսուցիչները վճարովի թեստավորում են կատարել, որի արդյունքը եղել է բացասական: Դժգոհություններ եղան ուսուցիչների շրջանում, որ ամեն դեպքում նրանք ստիպված են ինքնամեկուսանալ: Լուսինե Պարոնյանը նշեց, որ իրենց լաբորատորիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անցել է որակի արտաքին հսկողություն, 100 տոկոսանոց ճշգրտության արդյունք է ցույց տվել:
 
«Մեր լաբորատոր կարողությունները կասկածի տակ դնել չի կարելի: Եթե անգամ տարբեր են արդյունքները միևնույն է խնդիր կա, և անձը պետք է մեկուսանա, նույնիսկ ախտանշաններ չունենալու դեպքում: Ինչ վերաբերում է թեստավորման արդյունքների
տարբերությանը, ապա բազմաթիվ գործոն կարող է ազդել՝ սկսած նմուշառման տեխնիկայից, վերջացրած թեստավորումից առաջ հաց ուտելով, ջուր խմելով»,-ասաց նա: Լուսինե Պարոնյանը: Նա հորդորում է անիմաստ գումար չծախսել, չդիմել մասնավոր լաբորատորիաներ, միևնույն է, եթե սկզբում դրական է եղել, ապա պետք է ինքնամեկուսացվեն:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 261 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար