Հակառակորդը հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ


Հակառակորդը հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ

  • 27-09-2020 09:13:12   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով:
 
«2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ», - հայտարարել է նա:
 
Ըստ Արցախի պաշտպանության նախարարի` այս պահին ՊԲ ստորաբաժանումները, «հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը»: «Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը: Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է», - նշել է նա:
 
«Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն: Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:
 
Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը», - շեշտել է Ջալալ Հարությունյանը:
 
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր` «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»:
 
Ադրբեջանական կողմն իր հերթին հաղորդում է իր կորուստների մասին, որոնք դեռ ճշտվում են:
 
azatutyun.am
Նոյյան տապան  -   Քաղաքական