Մշակութային վանդալիզմ. հրետակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին

09-10-2020 13:13:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ: Մշակութային ժառանգության վայրերի թիրախավորումը հատկապես պատերազմական իրավիճակում խստորեն արգելված է մի շարք միջազգային կոնվենցիաներով (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիա և դրան կից 1954 և 1999 թվականներիի արձանագրությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման մասին» հռչակագիրը):
 
Սիրիայից մինչև Աֆղանստան, Մալիից մինչև Եմեն մենք ականատես ենք եղել համամարդկային արժեք ներկայացնող մշակութային ժառանգության ոչնչացմանը, որը բազմաթիվ դեպքերում հնարավոր չի եղել վերականգնել:
 
Ցավոք, հայկական կողմի այն պնդումները և ապացույցները, որ Ադրբեջանի, մասնավորապես՝ Նախիջևանի տարածքում ոչ պատերազմական իրավիճակում սիստեմատիկ կերպով, տարիներ շարունակ ոչնչացվում էր հայկական պատմամշակութային
ժառանգությունը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը այդպես էլ կոշտ արձագանքի և գնահատականի չարժանացավ, իսկ ոչնչացված հուշարձանների թիվը կազմում էր ավելի քան 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար:
 
Միջազգային կառույցների ոչ հասցեկան կոչերը այսօր կրկին հանգեցնում են նրան, որ կրկին թիրախավորվում են այս անգամ էլ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները: 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել և հրթիռակոծվել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Այս քայլով Ադրբեջանը կոպտագույնս խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները:
 
Ի հակադրություն ադրբեջանական իշխանությունների՝ տասնամյակներ ընթացող մշակութային վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության՝ Հայաստանը և Արցախը միշտ հավատարիմ են իրենց տարածքներում մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության միջոցով խաղաղության և համերաշխության առաջընթացի գաղափարին՝ անկախ դրանց էթնիկ և կրոնական ծագումից: Սրա վառ ապացույցը Շուշիի «Գյովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթի վերականգնում էր, որը զգալիորեն տուժել էր արցախյան ազատամարտի տարիներին և գտնվում եր կիսաքանդ վիճակում: 2019թ․ Արցախի կառավարության հետ համագործակցությամբ, «IdeA» հիմնադրամի միջոցներով իրականացվեց Շուշիի «Գյովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթի վերականգնումը: Արցախի Հանրապետության գոյության ողջ ընթացքում վերականգնվել և բարեկարգվել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին (1988 թվականին Շուշիից հայերին արտաքսելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան հրեշտակների արձանները և եկեղեցին վերածել զինապահեստի, իսկ
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի
պահեստը), Գանձասարի վանական համալիրը (պատերին առկա են ռմբակոծության հետքեր), Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցին, Ամարասի վանական համալիրը պատերին (բազմիցս արկակոծվել է), Քաշաթաղի շրջանի 4-րդ դարի Ծիծեռնավանք եկեղեցին, ինչպես նաև Դադիվանքի վանական համալիրը (օգտագործվել է որպես անասնագոմ):
 
Միջազգային հանրությանը և միջազգային հեղիանակավոր կառույցներին կոչ ենք անում վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, որի ընթացքում հայկական մշակութային ժառանգությունը մեծապես վտանգված է և կանգնած է ոչնչացման վտանգի առաջ: Լռություն պահպանելով՝ մենք ճանապարհ ենք հարթում աշխարհի տարբեր ծայրերում նոր մշակութային ոճրագործությունների համար:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 86 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար