Ռուսական ռազմական նոր ներկայություն հայկական հողի վրա՝ միայն Կարսի-Արարատի եւ Նախիջեւանի վերադարձից հետո


Ռուսական ռազմական նոր ներկայություն հայկական հողի վրա՝ միայն Կարսի-Արարատի եւ Նախիջեւանի վերադարձից հետո

  • 30-09-2020 16:52:56   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանը պահում է «հավասար հեռավորություն» Հայաստանից ու Ադրբեջանից, մշտական կապի մեջ գտնվելով Երեւանի, Բաքվի ու Անկարայի հետ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա այդ դիրքորոշումը պայմանավորել է Մինսկի խմբի համանախագահի չեզոքություն պահանջով:
 
Ռուսաստանի պաշտոնական տարբեր շրջանակներ Կրեմլի հռչակած չեզոքության ֆոնին սակայն հայտարարություններ են անում շրջանում ռուս խաղաղապահների տեղակայման եւ Արցախի խնդրի «ռուսացման» վերաբերյալ: Կարգավորման ռուսական պլանի շուրջ այդ խոսակցությունները նոր չեն, իհարկե, եւ հակամարտության տարբեր փուլերում ծավալվել են տարբեր ինտենսիվությամբ:
 
Ներկայիս ռազմական գործողություններն իրենց ծավալով ու սպառազինության մակարդակով տարբերվում են նախորդներից, ինչին ավելանում է Թուրքիայի ուղիղ ներգրավվածությունը պատերազմական գործողություններին: Բաքուն բութ գործիք է ռուս-թուրքական քաղաքական մրցակցային խաղի մեջ: Պարզ է, սակայն, որ որդի Ալիեւը ընդունակ չէ միայնակ իրականացնել խնդիրները, որտեղից էլ դրանք դրդված լինեն:
 
Թուրքիայի ներգրավումն, անկասկած, ավելացնում է ռազմական ու քաղաքական ճնշումը Հայաստանի վրա: Արդյոք Հայաստանն է բուն թիրախը: Ռուսաստանը կարո՞ղ էր թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը եւ Թուրքիայի ներգրավվածությունը: Պարզ «այո» թե «ոչ» հարցադրումը Ռուսաստանի օգտին չէ, քանզի հասկանալի է, որ գործ ունենք մի կողմից առավել լայն աշխարհքաղաքական իրողությունների ու խնդիրների, մյուս կողմից՝ ռուս-թուրքական դարավոր պատմա-քաղաքական սերտ ճակատագրի հետ, որը դեռեւս XVIII դարից միահյուսված է հայկականին:
 
Այդ առումով, ներկայիս իրավիճակի արմատները տանում են, հրապարակված թե գաղտնի, ռուս-թուրքական համաձայնությունների 1919-1923 թթ. հանգուցակետին, երբ արդեն խորհրդայնացված Հայաստանի տարածքները՝ Կարս-Արարատը, Նախիջեւանը, Մոսկվան օտարեց Թուրքիայի ու իր, Ռուսաստանի զավակ Ադրբեջանի օգտին, հուսալիորեն, թվում էր, ոչնչացնելով «անկախ Հայաստան» գաղափարն առհասարակ:
 
Հետեւաբար, Արցախում ռուսական որեւէ ռազմական տեղակայում շարունակությունն է լինելու Լենին-Աթաթուրք ցեղասպանական ծրագրի: Անշուշտ, այս ամենը Մոսկվայում հիանալի գիտակցում են, Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելիս, եթե անգամ մեր վարչապետը «թամամ խոսքը» ասած չլինի:
 
Ռուսական ռազմական որեւէ նոր տեղակայում հայկական հողի վրա, մասնավորապես Արցախում, հնարավոր է քննարկել միայն Կարսի-Արարատի եւ Նախիջեւանի շրջանները Հայաստանին վերադարձնելուց հետո:
 
Դա միայն առաջին հայացքից է թվում պարզ հատուցում երրորդ Արցախյանի դիմաց: Իրականում, սա մի փրկօղակ է, որը Հայաստանը պատրաստ է տրամադրել Մոսկվային՝ 100 տարի առաջ Հայաստանում եւ 2015-ին Սիրիայում իր իսկ սանձազերծած թուրքական ծավալապաշտությանը զոհ չգնալու համար:
 
Անկախ Արցախյանի հանգուցալուծումից, 1921-ի խնդիրը պիտի բարձրաձայնվի հիմա, մանավանդ թուրքական աքլորը ոչ շրջահայաց կերպով ինքը կանչեց իր բնից:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play