Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի կարգախոսն է լինելու<br /> ««Մեր խոսքը գործ է»<br />


Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի կարգախոսն է լինելու
««Մեր խոսքը գործ է»

  • 01-05-2009 18:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 2-ին կմեկնարկի Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որին լիարժեք մասնակցելու համար Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատրաստ է: Այս մասին մայիսի 1-ի ասուլիսում հայտնեց ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Ըստ նրա, մայիսի 2-ին կկազմակերպվի միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես կներկայացվի ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը: ԲՀԿ-ի հիմնական կարգախոսն է` «Մեր խոսքը գործ է», ինչը, ըստ նրա, առավել դիպուկ բնութագրում է Գ.Ծառուկյանի անցած ճանապարհը, ԲՀԿ-ի ձեռագիրը: Երկրորդ կարգախոսն է «Վստահիր եւ պահանջիր»: «Միայն վստահության բավարար քվեի դեպքում կարելի է պահանջել կուսակցությունից բոլոր խոստումների ու նախընտրական ծրագրերի լիարժեք իրականացումը»,- նշեց Խ.Գալստյանը: Գ.Ծառուկյանի մամլո խոսնակի խոսքերով, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչները 5 հազարական դրամ ընտրակաշառք են բաժանում երեւանցիներին: Ավելին, նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ն օգտագործելու է բոլոր հնարավոր միջոցները ընտրակաշառքների դեմ պայքարելու եւ արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Խ.Գալստյանի կարծիքով, ԲՀԿ-ն ունի կայուն ընտրազանգված եւ ժողովրդի ձայնը խլելու կամ գնելու կարիք չունի: Իսկ երեւանցիներին նա կոչ արեց ընտրակաշառքը վերցնելու պարագայում անգամ լինել ազատ եւ ընտրություն կատարել սեփական խղճով ու կամքով: Անդրադառնալով կոալիցաիայից ՀՅԴ-ի դուրս գալու հետեւանքով թափուր մնացած նախարարական պաշտոններին, Խ.Գալստյանը նշեց, որ ԲՀԿ-ն ունի լիարժեք պատրաստված մասնագետներ, որոնք կարող էին ղեկավարել այդ նախարարությունները: Նրա խոսքերով, իրենք նորմալ կհամարեն նաեւ այն հանգամանքը, եթե այդ պաշտոնները զբաղեցնեն միայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները: « Գագիկ Ծառուկյանը երբեք պաշտոնակռիվ չի իրականացրել եւ ԲՀԿ-ն ոչ մի պաշտոնի չի հավակնում»,- վստահեցրեց նա:
Նոյյան տապան  -   Քաղաքական