Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս և ֆլամանական բարեկամության խմբերն իրենց աջակցությունն են հայտնում Արցախի ժողովրդին


Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս և ֆլամանական բարեկամության խմբերն իրենց աջակցությունն են հայտնում Արցախի ժողովրդին

  • 01-10-2020 16:10:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս և ֆլամանական բարեկամության խմբերի երկու տասնյակ անդամներ հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պատշպանություն Արցախի և Հայաստանի:
 
Բելգիայի ֆրանսախոս խումբը, որ կազմված է տարբեր կուսակցություններ ներկայացնող Բելգիայի դաշնային և շրջանային խորհրդարանների ներկա և նախկին պատգամավորներից, մի շարք քաղաքների ավագանու անդամներից և քաղաքապետերից, ինչպես նաև դասախոսներից, իրավաբաններից և հասարակական գործիչներից իր մտահոգությունն է հայտնել մասնավորապես խաղաղ բնակչությանը թիրախավորելու Ադրբեջանի մարտավարության և համակարտությունում՝ Թուրքիայի անթույլատրելի ներգրավածության առնչությամբ: Նրանք նաև կոչ են արել Ադրբեջանին ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը և սահմանից հետ քաշել դիպուկահարներին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Արցախի բնակչությանը և Արցախի Հանրապետության՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել»:
 
Արցախի հետ Բելգիայի ֆլամանական բարեկամութլյան խմբի անդամներն ևս խորին անհանգստություն են հայտնել թուրքամետ սիրիացի ջիհադիստներին ներգրավման առնչությամբ: Խմբի տարածած հայտարարության մեջ ասված է. «Մենք անհապաղ հրադադարի կոչ ենք անում և հորդորում կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Տասնամյակների անկայունությունից հետո Արցախի ժողովուրդը արժանի է խաղաղության և կայուն ապագայի՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա»:
 
Բարեկամության խմբերի հայտարարությունները մեկնաբանելով՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ադրբեջանաթուրքական տանդեմի նեոօսմանական նկրտումները և սանձնազերծված ագրեսիան դատապարտված է ձախողման: Ավելին, միջազգային հանրությունը քաջ գիտակցում է թե ով է ապակայունացնում իրավիճակը և իր աջակցությունն է հայտնում Արցախին և իր ժողովրդին»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play