Ստեղծված պայմաններում միայն մեկ ելք է մնում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը․ Արցախի ԱԳՆ


Ստեղծված պայմաններում միայն մեկ ելք է մնում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը․ Արցախի ԱԳՆ

  • 09-10-2020 13:17:07   |   |  Իրավունք

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը
 
Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են: Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում:
 
Առանց գիտակցելու Արցախի հանդեպ իրենց հավակնությունների անիրավաչափ ու պատրանքային լինելը, Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են՝ իրենց հակահայկական քարոզչությամբ, տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերով և միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանմամբ: Նախ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թվականից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ:
 
Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու նաև բարոյական իրավունքը: Իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի սանձազերծումից հետո, որի ընթացքում ադրբեջանական բանակը նպատակաուղղված գնդակոծում էր քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչության դեմ կիրառում էր արգելված տեսակի զենքեր, այդ թվում՝ կասետային զինամթերք, Բաքվի նման պնդումները պարզապես սին ու անիմաստ բառակույտ են դառնում:
 
Երկրորդ՝ սանձազերծելով հերթական ագրեսիվ պատերազմը և հակամարտությունը կրկին փորձելով լուծել ուժի կիրառման միջոցով` Ադրբեջանը զրոյացրել է միջազգային միջնորդների բոլոր ջանքերը և մշակումները խաղաղ կարգավորման գործընթացում: Ստեղծված պայմաններում միայն մեկ ելք է մնում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում կապահովի երկարատև խաղաղություն և կայունություն, ինչպես նաև կբացառի Ադրբեջանի կողմից հերթական պատերազմ սանձազերծելու փորձերը և կկանխի Բաքվի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործումը:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play