ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հայաստանի տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը


ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հայաստանի տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը

  • 14-10-2020 14:45:24   | Հայաստան  |  Քաղաքական

 
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը:
 
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։
 
Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքի նկատմամբ։
 
Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով:
 
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play