Իրանի դեմ պատերազմն արդեն սկսել են. Արաքսի ափի բացահայտ սպառնալիքը

19-10-2020 14:09:25   | Իրան  |  Վերլուծություն



Իրանի ԱԳՆ խոսնակը հերթական անգամ հայտարարել է, թե Իրանի տարածքի նկատմամբ ոտնձգությունը, եթե անգամ սխալմամբ լինի, կարժանանա պատասխանի: Իրանն այդ մասին հայտարարում է պարբերաբար, պատերազմից ի վեր:
 
Իրանի տարածքում ընկել է Արցախի դեմ կիրառվելիք մի քանի հրթիռ, նաեւ ԱԹՍ: Սակայն, բուն իմաստով էականը սրանք չեն, այլ այն, որ թուրքերը, ադրբեջանցիներն ու ահաբեկիչները Իրանի սահմանի երկայնքով փորձում են քողարկվել Իրանի տարածքով եւ շարժվել առաջ: Հայկական զինուժը հայտնվում է երկիմաստ վիճակում, որովհետեւ ադրբեջանական եւ ահաբեկչական ստորաբաժանումներին հարվածելու դեպքում մեծ է ռիսկը, որ կարող են արկեր կամ հրթիռներ ընկնել նաեւ Իրանի տարածքում:
 
Այլ կերպ ասած, ադրբեջանցիները գործնականում արդեն իսկ ոտնձգություն կատարում են իրանյան տարածքի հանդեպ, դարձնելով այն սեփական ագրեսիայի «գործիք»:
Ի՞նչ կարող է անել Իրանը դրա դեմ: Այստեղ է Թեհրանի համար գլխավոր հարցը, որովհետեւ այսօր դրա պատասխանը չտալու դեպքում, Իրանը վաղը Ադրբեջանի տարածքից ստանալու է ավելի ու ավելի «սուր» հարցեր: Ադրբեջանցիները, ավելի շուտ նրանց միջոցով պատերազմի թուրք-իսրայելական հովանին, ներկայում ստուգում է ատամը Իրանի վրա, պարզապես անուղղակի:
 
Թեհրանը համար պահն իսկապես լուրջ է, Իրանը չի ցանկանում թշնամանալ Ադրբեջանի հետ: Բայց, ամբողջ խնդիրը թերեւս այն է, որ Ադրբեջան պետություն, որպես այդպիսին, դադարել է գոյություն ունենալ եւ Իրանը դեպի հյուսիս գործ ունի բոլորովին նոր իրողության հետ, որտեղ թշնամանալ-չթշնամանալու խնդիր այլեւս չկա: Թուրքիան եւ Իսրայելը Ադրբեջանի տարածքը արդեն իսկ վերածել են Իրանի հանդեպ թշնամական պլացդարմի:
 
Օրինակ, Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ առաջ շարժվել փորձող զինուժը Ադրբեջան պետության զինուժը չէ, որ փորձում է այնտեղ հաստատվել, որպեսզի հետո կյանքի կոչվի Բաքու-Թեհրան 2016 թվականի փետրվարին կնքված համաձայնագիրը՝ համատեղ ՀԷԿ մասին: Խուդաֆերինի ուղղությամբ առաջ շարժվողը Իրանի համար թշնամական պլացդարմի ընդլայնման ծրագիրն է, ոչ պակաս:
 
Այդ ծրագիրը չի ենթադրում համատեղ ապագա, այլ ապագա Իրանի հաշվին: Ադրբեջանական սոցցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում նշում են, թե ինչպես են Արաքսի այն ափից իրանյան ադրբեջանցիները ողջունում այս ափում հայկական հարվածներից Իրանի տարածքով պատսպարվող
ուժերին: Դա արդեն քարոզչական պատերազմ է Իրանի դեմ, նախերգանք կամ նախապատրաստություն այն վիճակի, որից փորձում է խուսափել Թեհրանը:
 
Իրանն ունի այդ հեռանկարը թույլ չտալու մեկ գործնական ճանապարհ՝ հեռացնել ադրբեջանցիներին այդ ափից եւ ողջունել մյուս ափում հայկական ուժերի պատժիչ հարվածները, անգամ, եթե որոշ բաներ կարող են ընկնել իրանական տարածք: Որովհետեւ աներկբա է, որ դրանք իրանական տարածքի համար ոչ թե սպառնալիք են, այլ սպառնալիքը չեզոքացնող հանգամանք:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 1160 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար