Բեկում երկու ուղղությամբ


Բեկում երկու ուղղությամբ

  • 21-10-2020 11:54:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Բանակի հզոր ժպիտը, գրել է Շուշան Ստեփանյանը․ Լուս․՝ Սիփան Գյուլումյանի, Արցախ, առաջնագիծ
 
 
Մինչ Հայաստանում անկումային որոշակի տրամադրություններ էին տարածվում Լավրովի պլանի, վարչապետի ու քաղաքական տարբեր ուժերի հանդիպումներից արտահոսքերի, Արցախի նախագահի նամակի կապակցությամբ, հայկական բանակն արագ որսաց այդ տրամադրությունները եւ հրապարակեց երկու նշանային տեղեկություն՝ հարավում հաջողության եւ թուրքական աթս-ների զանգվածային խոցումների մասին։ Մինչ այդ, հայկական բանակն իր խոսնակի՝ Շուշան Ստեփանյանի միջոցով պատասխանեց Բաքվի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը՝ թե զինադադարը չի նշանակում, որ պատերազմը չի շարունակվելու։ Հենց դա էլ ուզում էինք լսել, հայտարարեց Շուշանը։
 
Ռազմական փորձագետները նշում են, որ ԱԹՍ-ների խնդրի լուծումը չեզոքացնում է Բաքվի հարաբերական առավելությունն օդում, գումարած ցամաքում ադրբեջանական զինտեխնիկայի մեծ մասի ոչնչացումը, ինչը հայկական կողմին հնարավորություն է տալիս առավել ամուր դիրքերից հանդես գալ բանակցությանը։
 
Երկրորդ բեկումն անհրաժեշտ է այստեղ։ Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ փոխզիջումը միակողմանի չի կարող լինել, եւ դրել է հայկական պահանջը՝ Արցախի կարգավիճակը։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայկական պահանջները հստակ ձեւակերպված չեն, եւ բեկումը ռազմաճակատում կարող է նաեւ այստեղ ունենալ իր ազդեցությունը։
 
Անհրաժեշտ է իրավիճակի կտրուկ փոփոխություն։ Նման հանգամանք կարող է լինել պաշտոնական Երեւանի կողմից Արցախի անկախության ճանաչումը եւ այդ դիրքից հնարավոր բանակցությանը մասնակցելը՝ Ադրբեջանի կողմից նույնպես ճանաչման պայմանով։ Հայաստանի ղեկավարները Արցախի ճանաչումը պահում են այն դեպքի համար, եթե Ադրբեջանը հրաժարվի բանակցություններից, բայց սա ներկայիս պայմաններում թույլ եւ չաշխատող հաղթաթուղթ է թվում։
 
Արցախի ճանաչման հանգամանքը այլ նշանակություն էլ ունի՝ ներկայում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում տարբեր մակարդակներում ճանաչվում կամ քննարկվում է այդ խնդիրը, իսկ մեր ռուս բարեկամները ճանաչման վերաբերյալ հարցումներին ի պատասխան արդարանում են, որ նույնիսկ Երեւանը չի ճանաչել։
 
Հայաստանը եւ հայությունը ռազմական եւ քաղաքական դեռ չօգտագործված ռեսուրսներ ունեն, եւ ինչպես նշում է Սուրեն Սահակյանը՝ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունից պահանջվում է ամրություն, իմաստնություն և ուժ։ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ մենք պետք է հաղթենք, որից հետո կտեսնեք, թե ինչ հարգանքով մեզ կվերաբերվեն բոլորը։
 
Ամեն ինչ ներկայում որոշվում է ռազմի դաշտում, եւ հայերին դա են ակնարկում թե Արեւմուտքից, թե Ռուսաստանից։ Ավելին, Ադրբեջան կոչվող մերձկասպյան տարածքների ապագա հնարավոր վերաձեւումը հնարավորությունների նոր ասպարեզ է բացում։
 
ՀՀ ՊՆ խոսնակ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն