Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է կայուն հրադադարի անհրաժեշտությունը


Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է կայուն հրադադարի անհրաժեշտությունը

  • 21-10-2020 17:52:17   | Ռուսաստան  |  Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
 
«Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
 
Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։
 
Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռք բերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։
 
Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սերգեյ Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրևաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նշվում էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են ավելի վաղ Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների անհետաձգելի հարցերն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը վերաբերող թեմաներ:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական