Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին

27-10-2020 17:15:59   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 


Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի սեպտեմբերի 13-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառ
ասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ չորս քահանաներին՝ Արժանապատիվ Տ. Հայկ քահանա Քոչարյանին, Տ. Հայասա քահանա Ղարագյոզյանին, Տ. Հայկազուն քահանա Սահակյանին և Տ. Արմեն քահանա Կիրակոսյանին:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նորընծա քահանաներին` հավաստիացնելով, որ նրանք պատրաստ են իրենց հովվական ծառայությունը բերելու Հայոց Եկեղեցու անդաստանում: Իր հերթին եկեղեցականներին քահանայական ձեռնադրությանն ու օծմանն արժանացրած Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ձեռնադրություն կատարելու հնարավորության համար,
աղոթք բարձրացրեց առ Աստված, որ նորաթուխ քահանա հայրերը հաջողությամբ և արդյունավետությամբ իրականացնեն իրենց սրբազան առաքելությունը ամենատարբեր պայմաններում։
 
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով հայրական իր պատգամն ու խրատները: Նորին Սրբությունն ընդգծեց, որ նորաօծ քահանաներն իրենց հոգևոր սպասավորությունը սկսում են հայ ժողովրդի համար բարդ ժամանակներում, երբ ողջ հայությունն իր վրա է կրում պատերազմի ծանր հետևանքների ազդեցությունը։ Ըստ Վեհափառ Հայրապետի՝ նման պայմաններում, առավել քան երբևէ, կարևոր է հայ եկեղեցականի ամբողջական և նվիրյալ ծառայությունը ժողովրդին՝ հավատ, հույս ներշնչելու հայորդիներին, այս դժվար փորձությունների միջով անցնելիս, ամրացնելու նրանց լավատեսության ոգին ու գիտակցությունը նոր ու բարօր կյանքի հանդեպ։
 
Նորին Սրբությունը կարևոր նկատեց, որ քահանաներին իրենց առաքելության ընթացքում առաջնորդի սերը, ազգային շահի գիտակցությունը, որպեսզի կարողան իբրև հոգևոր զինվորներ կանգել հայ զինվորի կողքին և պաշտպանել հայրենիքը, հաղթահարել բոլոր ծանր իրավիճակները։ Հայոց Հովվապետը պատգամեց քահանաներին ուսումնառության ընթացքում ձեռք բերած փորձառությունը, գիտելիքների պաշարը՝ ոգեշնչվելով և օրինակ ունենալով սուրբ նախնյաց ապրած կյանքը՝ լավագույնս ի սպաս դնել իրենց հոգևոր սպասավորության մեջ՝ առատացնելու հայորդյաց կյանքում սերն առ Աստված, սերն առ հայրենին և իրենց ժողովրդի զավակները։
 
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն արտահայտեց Արշակ և Հովնան Սրբազաններին եկեղեցականների պատրաստության և ձեռնադրության գործում ներդրած ջանքերի համար։
 
Ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի իրենց առաքելությունն Աստծու օգնականությամբ արդյունավորելու մաղթանքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց երիտասարդ քահանաներին՝ նրանց ընծայելով ձեռաց խաչեր և Ս. Հաղորդության մասնատուփեր:
 
Առաջիկա օրերին քահանա հայրերը կմեկնեն իրենց ծառայության վայրերը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 186 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար