Թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ տղան վիրահատվել է․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

29-10-2020 13:20:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Երեկ Ֆրանսիայում թուրքերի կողմից մուրճի հարված ստացած
հայ երիտասարդը վիրահատվել է, այժմ վիճակը կայուն է։
 
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը։
 
Հիշեցնենք՝ ֆրանսիաբնակ հայերը երեկ փակել էին դեպի Վալանս տանող ճանապարհը եւ խաղաղ ակցիա էին իրականացնում։ Ակցիայից մոտ 30 րոպե անց ճանապարհի հակառակ կողմից 5 թուրքեր դանակներով եւ մուրճերով հարձակվել էին նրանց վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժել էին 10 հայեր, որոնցից ամենածանրը մուրճի հարված ստացած 23-ամյա երիտասարդի վիճակն էր։
 
Ամալյա Կարապետյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Ձերբակալվածներ կան թե ոչ՝ առայժմ հայտնի չէ․ «Սադրանքից փախուստի դիմելիս թուրքերից 2-ը վայր են գցել իրենց հեռախոսները, որոնց էկրանին եղել է Էրդողանի լուսանկարը: Հեռախոսները եւս փոխանցվել են ոստիկանությանը»,- նշեց նա:
 
Հայերի գլխավոր պահանջը Ֆրանսիայի իշխանություններից Արցախի անկախության ճանաչումն է։ Պահանջում են նաեւ միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության, հիվանդանոցների եւ եկեղեցիների չթիրախավորման, ինչպես նաեւ՝ հայ գերիների կյանքի անվտանգությունն ապահովելու համար։ 
 
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ երեկվա ակցիայից հետո թուրքերը սադրիչ գործողություններ են իրականացրել Ֆրանսիայի Լիոն եւ Վիեն քաղաքներում եւս, սպառնալիքներ են հնչեցրել հայերի նկատմամբ։ Միջադեպ է գրանցվել նաեւ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, որտեղ երկու հայ դանակահարվել է․ «Առաջին դեպքը չէ, երբ թշնամին՝ Թուրքիան եւ Ադրբեջանը,
չհաջողելով ռազմաճակատում, բախումներ են փորձում սադրել երրորդ պետությունների տարածքներում։ Կոչ ենք անում թուրք-ադրբեջանական սադրանքների դեպքում ցուցաբերել զգուշավորություն, զսպվածություն, չտրվել դրանց, չիրականացնել պատասխան գործողություններ եւ այդ առնչությամբ տեղեկատվության առկայության դեպքում դիմել ձեր բնակության երկրների իրավապահ մարմիններին»,- ասված է գրասենյակի ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 121 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար