ՀՀ առողջապահության նախարարը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Դավիդյանցի մահվան կապակցությամբ

30-10-2020 13:40:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Դավիդյանցի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է.
«Ցավով, տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը:
 
Իմ և առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից խորին ափսոսանք եմ հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ:
Ցավակցում եմ պարոն Դավիդյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»:
 
Կենսագրական տվյալներ
Վլադիմիր Դավիդյանցը ծնվել է 1953 թվականի փետրվարի 16-ին, Բաքու քաղաքում:
 
1976 թվականին ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը, Վ.Դավիդյանցն աշխատանքային կենսագրությունը սկսել է Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում, աշխատելով սկզբում որպես ավագ լաբորանտ, հետո՝ գիտաշխատող:
 
1985-1989 թվականներին աշխատել է Երևանի սանիտարահամաճարակային կայանի բաժնի վարիչ, հետո՝ Երևանի գլխավոր պետական սանիտարական բժշկի տեղակալ:
 
1989 թվականից աշխատանքի է անցել Երևանի Բժիշկների
կատարելագործման ինստիտուտում (այժմ՝ Առողջապահության ազգային ինստիտուտ (ԱԱԻ), 1998-ից մինչև օրս ԱԱԻ-ի համաճարակաբանության ամբիոնի վարիչն էր:
 
Զուգահեռաբար, 1992-1996 թվականներին ՀՀ ԱԱԻ-ի հանրային առողջության ինստիտուտի տնօրենն էր, 1996-1998 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրենը:
1998-2005 թվականներին Վ.Դավիդյանցը նշանակվել է ՀՀ ԱՆ գլխավոր պետական սանիտարական բժիշկ` իր գործունեությամբ մեծապես նպաստելով համաճարակաբանության ոլորտի զանգացմանը:
 
Այս ամենին հաջորդել են Հանրային առողջության հայկական ասոցիացիայի նախագահի, 2005-ին՝ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնները:
 
1996 թվականից Վ.Դավիդյանցը եղել է համաճարակաբանների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ, 2001-ից՝ Համաշխարհային արևադարձային գիտական խորհրդի անդամ, 2001-ից՝ ՌԴ բժշկատեխնիկական, 2002-ից՝ ՌԴ բնական գիտությունների ակադեմիաների անդամ, իսկ 2004-ից՝ ՌԴ ԲԳԱ-ի պատվավոր դոկտոր:
 
2013 թվականից առ այսօր պրոֆեսորն աշխատել է ԱՄՆ-ի Պաշտպանության վտանգների նվազեցման գործակալության կենսաբանական ոլորտում՝ Համագործակցային ներգրավման ծրագրում (DTRA CBEP), որպես մասնագիտական գծով փոխտնօրեն՝ մեծագույն ներդրում ունենալով բժիշկների շարունակական մասնագիտական կրթության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտում:
 
Վ. Դավիդյանցի ջանքերի, այդ թվում, գիտական աշխատանքների շնորհիվ Հայաստանում իրականացվել են Աղի յոդացման, ինչպես նաև պոլիոմիելիտի և մալարիայի էլիմինացման ծրագրերը:
 
Մեծանուն գիտնականը եղել է բազմաթիվ ծրագրերի ղեկավար և փորձագետ (ԱՀԿ, ԱՄՆ և Կանադայի միջազգային զարգացման գործակալություններ, Եվրամիություն, ԱՄՆ հիվանդությունների
վերահսկման և կանխարգելման կենտրոն, ԱՄՆ կենսատեխնոլոգիական ծրագիր, տրոպիկական հիվանդությունների ուսումնասիրման ծրագրեր և այլն): Նա հետազոտություններ է իրականացրել ինֆեկցիոն հիվանդությունների, պարազիտար և օպորտունիստական հիվանդությունների համաճարակաբանության աշխարհագրության բնագավառում:
 
Վ.Դավիդյանցի ղեկավարությամբ գրվել, մշակվել ու հրատարակվել են բազմաթիվ գիտական աշխատություններ, մասնագիտական կրթական նյութեր, գրքեր, որոնք արդյունավետորեն ինտեգրվել են Հայաստանի գիտակրթական համակարգում՝ ի նպաստ առողջապահական համակարգի զարգացման:
 
Նա ավելի քան 300 գիտական աշխատության, այդ թվում՝ մենագրությունների, ձեռնարկների, ատլասների հեղինակ է: Անգնահատելի է Վլադիմիր Դավիդյանցի դերը նաև որպես գիտական խորհրդատու և գիտական աշխատանքների ղեկավար: Նրա շնորհիվ գիտության ոլորտում իրենց ճանապարհն են հարթել բազմաթիվ ուսանողներ, պաշտպանվել է շուրջ երկու տասնյակ ատենախոսական աշխատանք։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 159 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար