Առաջնագծում տղաների ոգին շատ բարձր է


Առաջնագծում տղաների ոգին շատ բարձր է

  • 03-11-2020 13:35:26   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի  զրուցակիցն է ազատամարտիկ, ԱԻՄ նախագահության անդամ Գագիկ Սարուխանյանը
 
 Պարոն Սարուխանյան, առաջնագծից եք վերադարձել, ինչպիսի՞ն է այնտեղ տրամադրությունը: Դուք նշել եք, որ եկել եք ու տեսել, որ այստեղ ֆեյսբուքյան իրականությունն այլ է, խուճապային տրամադրություն է, մինչդեռ առաջնագծում ամեն ինչ այլ է:
 
Հիմա շատ կարևոր է առաջնագծում եղած մարդու կարծիքը, հատկապես, եթե այդ կարծիքը մեր ժողովրդի ոգին բարձրացնելու ուղղությամբ է հնչում: Ասեմ, որ առաջնագծում տղաների ոգին շատ բարձր է: Օր օրի տենչում ենք, որ առաջ շարժվելու հրաման ստանանք: Մենք, իհարկե, մեր մակարդակի մեջ ենք մնում, որովհետև կա բարձրագույն հրամանատարություն, և իրենք են որոշողը, թե երբ է նպատակահարմար առաջ շարժվել, կամ ընդհանրապես, նպատակահարմար է, թե ոչ: Ուղղակի մենք Աստծուն ենք դիմում, որ ամեն ինչը այնպես լինի, որ առաջ գնանք: Ինչ վերաբերում է իմ տպավորություններին, ինձ թվում էր, որ Երևանում պետք է տիրեր նույն տրամադրությունները, ինչ որ առաջնագծում է, բայց երբ տեսնում եմ սրճարաններում ոչ պատշաճ ձևով մարդկանց վարքը, չեմ ուզում այս պահին շատ քննադատեմ, բայց դա ինձ մի փոքր մտահոգում է:
 
Դուք առաջնագծի ո՞ր հատվածում էիք և ինչպիսին է այդտեղ իրավիճակը:
 
Հյուսիսային հատվածում՝ Մատաղիսում: Մենք ոչ մի մետր նահանջ չենք ունեցել: Այսօրվա պատերազմն իր էությամբ արմատապես տարբերվում է 1990-ականների պատերազմից: Վախկոտ թուրքը վախենում է առերես առնչվել մեզ հետ: Իրենք օդից են գրոհում: Եվ կասետային ռումբերով, և տարբեր տեսակի հրթիռներով, նաև հրետանիով: Այնքան են ռմբակոծում, որ երբեմն երեկոյան սկսում են մինչև լուսաբաց հրթիռակոծում ու ռմբակոծում են: Պատկերացրեք, որ մեկ րոպեի ընթացքում 100-120 արկ է տրաքում: Պետք է ուշադիր լինես: Շատ ցավալի դեպքեր են լինում: Ճիշտ է մեր գումարտակը ոչ մի զոհ չի տվել, փառք հրամանատարությանը: Այդ տղաները, գնդապետները, անցել են ուրիշ դպրոց և մանրամասն բացատրում են երիտասարդներին, և մենք էլ իրենց հետ փորձում ենք կազմակերպվածության աստիճանն այն աստիճանի բարձրացնել, որ զոհերի ու վիրավորների թիվը նվազագույնի հասցնենք: Փառք Աստծո, ստացվում է: Այդ ամբողջը կապված է հրամանատարության լուրջ աշխատանքի հետ: Եթե նոր եկածների հետ 2-3 օրում կարողանում ես այդ աշխատանքները տանել, դա կտրուկ բարձրացնում է անվտանգության աստիճանը: Այստեղ շատ կարևոր է թիմային զգացումը, ընդհանուր գործ անելու զգացողությունը: Փառք Աստծո, առաջնագծում դա կա: Համենայնդեպս այն միջավայրում, որտեղ ես եմ հայտնվել իմ ընկերների հետ, մենք դա շատ բարձր ենք պահում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play