Առերեսում Երեւանում. ահա թե ինչով են զբաղված այդ մարդիկ


Առերեսում Երեւանում. ահա թե ինչով են զբաղված այդ մարդիկ

  • 03-11-2020 17:55:12   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանում ՄԱԿ գրասենյակի դիմաց տեղի է ունեցել ակցիա, որի մասնակիցները օգտագործել են նաեւ դագաղ՝ խորհրդանշական իմաստով: Ակցիան, որի նպատակը Արցախի դեմ պատերազմի հարցում ՄԱԿ ուշադրությունն է, Հայաստանում արժանացել է հակասական գնահատականների, այդ թվում շատ շերտերում որակվելով խայտառակություն՝ իր այսպես ասած ոճական ու խորհրդանշական լեզվի համար: Համարվել է, որ դա հարիր չէ մեզ:
 
Իսկ ի՞նչն է հարիր մեզ՝ քաղաքակրթական առաջնագծում կանգնած զինվորի ժողովրդին, որն իր լավագույն զավակների կյանքի գնով պաշտպանում է իր տանը, իր սարերում ու իր անտառներում, իր ձորերում ու կիրճերում խաղաղ ապրելու իրավունքը: Այդ իրավունքը պաշտպանում է ահաբեկիչներից, որոնք կիրառում են հակամարդկային ու հակաքաղաքակրթական մեթոդներ ու սպառազինություն: Հայ ժողովուրդն իր լավագույն զավակների կյանքն է դնում քաղաքակրթական զոհասեղանին:
 
Իսկ ի՞նչ են անում այդ «քաղաքակրթության զավակները», իրենց հարմարավետ գրասենյակներում: Նրանք դույզն իսկ փորձու՞մ են կրել քաղաքակրթության պաշտպանության իրենց բաժինը, թե՞ քաղաքակրթության իրենց բաժինը հարմարավետությունն է, իսկ ծանրությունը կամ քաղաքակրթության համար զոհվելը հայ ժողովրդի զավակների բաժինն է, կամ իրենց համար վատագույն դեպքում՝ բյուրոկրատիայից դուրս իրենց հայրենակիցների զոհվելը եվրոպական փողոցներում:
 
Ո՞րն է խայտառակությունն ու հակաքաղաքակրթությունը՝ այլ մարդկանց կյանքի հաշվին քաղաքակիրթ ապրե՞լը, թե՞ ապրողներին պարզ հիշեցնելը, թե ինչի հաշվին է իրենց քաղաքակիրթ կյանքը, որն այնքան հարմարավետ է, որ գերբարձր պատվանդանին դնելով մարդկային արժեքները, այդ պատվանդանի ներքո սպանել է մարդուն՝ քաղաքակիրթ մարդուն, որը սառնասիրտ ֆորմալության դիրքից կարող է հետեւել, թե ինչպես են ահաբեկիչները ոտնձգություն կատարում ապրելու իրավունքի նկատմամբ:
 
ՄԱԿ դիմաց ակցիան ընդամենը իրերը կոչել է իրենց անունով, պարզապես այդ երեւույթը քաղաքակրթության համար թերեւս դարձել է խորթ: Ոչինչ, թող վարժվեն դրան, որպեսզի ժամանակի ընթացքում չվարժվեն իրենց քաղաքակրթության փողոցներում ահաբեկիչների ձեռքով գնդակահարվելուն, որոնց ի դեպ քաղաքակրթավարի պատսպարել են բազմամշակութայնության ծորուն մտքերի ներքո:
 
Քաղաքակրթությանը պարզապես խորհրդանշականորեն բացատրվել է իրավիճակի եւ խնդրի էությունը, հարցի արժեքը՝ մարդկային կյանք: Հետեւաբար, եթե դա արժեք չէ, այլ ուղղակի տրաֆարետ, ապա պատասխանն այլ բան լինել չի կարող, քան դագաղը՝ որպես համաշխարհային բյուրոկրատիայի յուրաքանչյուր, յուրաքանչյուր ներկայացուցչի անձնական պատասխանատվության խորհրդանիշ քաղաքակրթական հայկական առաջնագծում ահաբեկիչներին կյանքի գնով կանգնեցրած յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար:
 
Նրանց պարզ բացատրվել, ցույց է տրվել այն, ինչով զբաղված են, եթե իհարկե չգիտեն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play