Ինձ հակադարձողներից ոչ ոք ավելի լավ չի տիրապետում զենքի ծավալներին. Հովհաննիսյանը մանրամասն թվարկել է զենքի գնումները


Ինձ հակադարձողներից ոչ ոք ավելի լավ չի տիրապետում զենքի ծավալներին. Հովհաննիսյանը մանրամասն թվարկել է զենքի գնումները

  • 06-11-2020 10:25:51   | Հայաստան  |  Հասարակություն

Ես հարցազրույցում նշել եմ, որ մենք մշտապես զինվել ենք՝ ըստ մեր հնարավորության, բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը՝ զինվելու համար, սակայն 2012-2018 թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զենքեր:
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան բազմաթիվ դժգոհությունների, թե ինքը չի տիրապետում թվային տվյալների ու սխալ տեղեկություններ է հաղորդում: Ըստ Հովհաննիսյանի՝ Ապրիլյանից հետո գնված զենքի ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020 թթ. նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել առհասարակ:
 
«Նախ ինձ հակադարձողներից որևէ մեկը որևէ կերպ ավելի լավ չի տիրապետում իմ նշած նորագույն զենքերի իրական ծավալներին, որոնք ձեռք են բերվել 2018-2020 թթ. ընթացքում:
2012-2018 թթ. ընթացքում ձեռք են բերվել մի քանի հարյուր միավոր նոր ավտոմեքենա, վերջին երկու տարում՝ կրկնակի ավելի շատ:
2012-2018 թթ. ընթացքում ձեռք է բերվել նոր սերնդի կապի միջոցներ և ռադիոկայաններ, այդ թվում՝ ոչ դրսից: Վերջին երկու տարում՝ եռակի ավելի:
2012-2018 թթ. նոր մեծ զենքերից ձեռք են բերվել սահմափակ քանակությամբ նոր սերնդի հակատանկային միջոցներ, օրինակ՝ «Կորնետ»: Վերջին երկու տարիներին եռակի-քառակի ավելի շատ են ձեռք բերվել այդ միջոցներից:
2012-2018 թթ. ընթացքում ձեռք են բերվել «Սմերչ» կայանքներ, թվերը չնշեմ, վերջին երկու տարում դրանց քանակը մեծացվել է, իսկ մարտապաշարը՝ բազմապատկվել:
2012-2018 թթ. Հայաստան են բերվել նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք են բերվել կործանիչներ: Այստեղ գաղտնիության պատճառով մանրամասները չեմ նշում, բայց եթե որևէ մեկը փորձի այս թեման շահարկել, վստահեցնում եմ, որ հաստատ չի տիրապետում իրավիճակին:
2012-2018 թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի, փոքր հեռահարության ՀՕՊ միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկվել է, ավելացվել են մեծ խմբաքանակի հին միջոցներ, և ձեռք է բերվել աշխարհի լավագույն ՀՕՊ միջոցներից ՏՕՌ-Մ-ը:
2012-2018 թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի ՌԷՊ միջոցներ, որոնք խնդիրներ ունեին և չէին աշխատում: Դրանք խելքի են բերվել միայն այս տարի, և ավելի լավ միջոցների քանակությունը ավելացվել է մի քանի անգամ:
2012-2018 թթ. Հայաստանում ստեղծվել և ներկրվել են որոշակի քանակության ԱԹՍ-ներ, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկվել է:
Վերջին երկու տարում կնքվել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, մանրամասները գաղտնիք են: Ձեռք են բերվել ՏՈՍ համակարգեր և այլն, որոնք բարձրաձայնելու ենթակա չեն:
Առայժմ այսքանը: Սա դեռ ամբողջը չէ: Ուղղակի զսպվեք: Ես շատ բանի եմ տիրապետում»,- գրել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում երեկ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական ժամանակակից զենք է մտել բանակ, քան՝ վերջին 10 տարում: 
Այս միտքը դժգոհության տեղիք էր տվել, հատկապես՝ ՀՀԿ անդամների շրջանում: Հայտարարությամբ հանդես եկավ անգամ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ նշելով, որ Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ իրականությանն ու թվերին չի տիրապետում, կա՛մ էլ միտումնավոր կերպով խեղաթյուրում է իրականությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play