Տեղի է ունեցել «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի արժեթղթերի տեղաբաշխման
շնորհանդեսը
20-03-2009 21:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մարիոթ-Արմենիա»
հյուրանոցային համալիրում մարտի 20-ին տեղի է ունեցել «Արցախ ՀԷԿ»
ԲԲԸ-ի արժեթղթերի տեղաբաշխման շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ
վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,
ընկերության կողմից թողարկվող արժեթղթերի տեղաբաշխումն
իրականացնում է «Արմենբրոկ» ԲԲԸ-ն: «Արցախ ՀէԿ» ընկերությունը
նպատակ ունի բաժնետոմսերի տեղաբաշխումից հավաքագրված միջոցներն
ուղղել ԼՂՀ-ում մի քանի նոր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը:
Տ.Սարգսյանի խոսքերով, նախաձեռնությունը խորհրդանշական է ոչ
միայն այն պատճառով, որ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական
ճգնաժամի պայմաններում կազմակերպվում են նման միջոցառումներ,
այլեւ, որ այն կարող է նոր սկիզբ հանդիսանալ ֆինանսական շուկայի
ակտիվացման եւ դրա արդյունքում` տնտեսության խթանման համար:
Վարչապետը նշել է նաեւ ներդրողների համար ներկայացվող նախագծի
գրավչությունը, ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու
կարեւորությունը, ինչը կնպաստի ԼՂՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծմանն
ու տնտեսական աճի հնարավորությունների մեծացմանը: