«Յուրաքանչյուր հաջորդ ժամի կարող է իրավիճակ փոխվել». ԱԺ-ում շարունակում են քննարկել ռազմական դրությունը վերացնելու հարցը

25-11-2020 18:45:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ռազմական դրությունը վերացնելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը քննարկելիս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախագծի զեկուցող Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե քննարկում ունեցե՞լ են պաշտպանական գերատեսչության հետ՝ հասկանալու համար ռազմական դրությունը հանելու նպատակահարմարությունը: 
 


Գորգիսյանը պատասխանեց, որ նոյեմբերի 10-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է ԳՇ պետի հետ, այն ժամանակ ԳՇ պետն ասել է, որ իրեն պետք
է մոտ 7 օր ժամանակ, որ որոշակի անվտանգային խնդիրներ լուծեն: 
 
Քոչարյանն արձագանքեց, որ այդ պատասխանը չի նշանակում՝ խնդիրներն արդեն լուծվել են:
 
ԼՀԿ ներկայացուցիչն էլ հակադարձեց, թե ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ անվտանգության հիմնական հարցերը լուծված են:
 
«Դուք, բանականաբար, քարտեզը շատ լավ կարողանում եք կարդալ եւ տեսել եք, որ մեր պահպանության ենթակա տարածքները անգամներ մեծացել են, եւ այդ երկարությունը սպասարկելու համար մեր կարողությունները պետք է վերահաշվարկ անենք, իրականացնենք գործողություններ, իսկ դա իրականացնողը պաշտպանական գերատեսչությունն է, եւ դրա համար եմ ասում, որ գերատեսչության կարծիքը հանձնաժողովի համար շատ կարեւոր կլիներ»,- դիմելով Գորգիսյանին՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնվեն, որովհետեւ թեեւ ՌԴ նախագահն ասել է, որ օդը փակ է, անվտանգության խնդիրները եռակողմ պայմանավորվածությամբ լուծում են խաղաղապահ ուժերը, բայց նաեւ մեր բանակն էլ ունի անելիք խաղաղապահների հետ: Ժամանակ է պետք, որ այդ ամենը ներդաշնակվի: 
 
«Ձեր ասած խնդիրները կապ չունեն ռազմական դրության հետ, այսինքն՝ զորքերի տեղաբաշխում, վերախմբավորում եւ այլն, կարող են արվել նաեւ առանց ռազմական դրության»,- կրկին հակադարձեց Գեւորգ Գորգիսյանը: 
 
Հանձնաժողովի իմքայլական անդամ, հարակից զեկուցող Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Ռազմական դրությունը թե՛ մտցնելու եւ թե՛ հանելու որոշումները երբեք ինքնանպատակ չեն կարող լինել, եւ քանի որ ռազմական դրությունը մտցնելուց առաջ Կառավարությունը բերել է պատշաճ հիմնավորումներ, ես առաջարկում եմ լսել Կառավարության ներկայացուցչին՝ հասկանալու համար վերացե՞լ են հիմքերը, թե՞ ոչ»:
 
Մկրտչյանն ընդգծեց, որ պաշտպանական գերատեսչության հետ պետք էր քննարկում ունենալ ոչ թե 15 օր առաջ,
այլ նախագիծը օրակարգ մտցնելուց անմիջապես առաջ, որ հասկանային՝ ռազմական դրությունը հանելով՝ կհարվածե՞ն, թե՞ չեն հարվածի, որովհետեւ, ըստ Մկրտչյանի, իրավիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուր հաջորդ ժամի կարող է իրավիճակ փոխվել: 
 
Առաջարկ հնչեց նաեւ ոչ թե ամբողջությամբ հանել ռեժիմը, այլ մեղմել այն, հանել որոշ սահմանափակումներ: Գորգիսյանն առաջարկեց, օրինակ, հանել արտագնա աշխատանքի մեկնողներին երկրից դուրս թողնելու հարցը: 
 
Հարցի քննարկումը շարունակվում է:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 270 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար