Ռուսական զորքը հայ բնակչությանը եւ բնակավայրերը պաշտպանելու համար չի մտցվել, դա պետք է անի Հայաստանը

27-11-2020 17:31:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել է, որ Բերձորը եւ շրջակա մի քանի բնակավայրեր չկան այն քարտեզում, ըստ որի՝ հայերը պետք է լքեն այդ բնակավայրերը:
 


Մի քանի օր է՝ անորոշ իրավիճակ է, մարդիկ չգիտեն ինչ անել: Բերձորի բնակիչներին այս
օր տեղեկացրել են, որ նրանք չլքեն համայնքը։ Երեկվանից լուրեր էին շրջանառվում, որ Բերձորը պետք է հանձնվի ադրբեջանական կողմին։ Ըստ փաստաթղթի՝ Լաչինի շրջանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը պետք է անցնի Ադրբեջանին, սակայն հանձնվելիք համայնքների ցանկում Բերձոր քաղաքը ներառված չէ։ Երեկ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն ասել էր, որ մարդիկ անվտանգության նկատառումներից ելնելով՝ լքում են համայնքը։ Այսօր մարդկանց տեղեկացրել են, որ մնան իրենց տներում։
 
Կամավոր Հակոբ Նիկոյանը, ով ընկերների հետ այս օրերին աջակցում է  Քաշաթաղի շրջանի բնակիչներին բեռների տեղափոխման հարցում, Lragir.am-ի հետ զրույցում ասել է, որ Արցախի նախագահն այսօր զանգել ու ասել է, որ մարդիկ պետք է մնան Բերձորում։
 
Նման անորոշություն է նաեւ այլ համայնքներում: Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասում է, որ արցախցիների ճակատագիրը Հայաստանի կառավարությունը հանձնել է ռուսներին ու թուրքերին: Անցնող օրերին մամուլում նմանօրինակ բազմաթիվ տեղեկություններ էին հրապարակվում տարբեր բնակավայրերից, երբ հանկարծակի ժամանում են թուրքեր ու ռուսներ, ինչ որ թղթի կտորներով, եւ բնակիչներին հրահանգում հեռանալ: Բնակիչները, որոնց ոչ ոք տեղյակ չի պահում իրավիճակի մասին, թողնում-հեռանում են:
 
Միեւնույն ժամանակ, կան նաեւ բնակավայրեր, որոնք հետ են մղում նման փորձերը, պահպանելով իրենց տարածքներն ու տները, ինչպես Սոս-Մաճկալաշեն հատվածում:
 
Այսպես կոչված եռակողմ համաձայնագիրը իրականում ռուս-թուրքական է՝ ընդդեմ հայերի: Սա չպետք է մոռանալ: Միեւնույն ժամանակ, եռակողմ համաձայնագրին հավատարմություն հայտնելը չի նշանակում դադարեցնել սեփական իրավունքների համար պայքարը: Ռուսները հայ բնակչությանը պաշտպանելու համար չեն զորք մտցրել Ղարաբաղ: Ընդ որում, դրա մասին հայտարարում
են հենց իրենք՝ ռուս զինծառայողները: Հայ բնակչությանը պետք է պաշտպանեն Հայաստանի ու Արցախի կառավարություններն ու ուժայինները:
 
Եթե Բերձորի հարցում կա ստվերային ճնշում որեւէ կողմից, կամ ինչ որ բան է փոխվել բանակցություններում, այդ մասին պետք է բարձրաձայն հայտարարվի: Իսկ եթե չկա նման բան, ինչի՞ համար է այս անորոշությունը, որը պակաս քայքայիչ չէ ներկայիս մթնոլորտում:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 311 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար