Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց ոլորտում<br /> վիճակի մասին 2008թ.-ի տարեկան զեկույցը<br />


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց ոլորտում
վիճակի մասին 2008թ.-ի տարեկան զեկույցը

  • 10-03-2009 19:00:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մարտի 10-ին հանրությանը ներկայացրեց երկրում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2008թ.-ի տարեկան զեկույցը: Ա.Հարությունյանը գտնում է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա ազդում է քաղաքական համակարգի ավտորիտարիզմը: Ընդ որում, դա վերաբերում է ինչպես իշխանությանը, այնպես էլ` ընդդիմությունը ներկայացնող քաղաքական կուսակցությունների մեծամասնությանը: Ժողովրդավարացմանն, ըստ նրա, ավելի պատրաստ է հայաստանյան հասարակությունը, քան քաղաքական համակարգը: «Հայաստանի հասարակության խնդիրը բոլշեւիզմի ժառանգությունից ազատվելն է, ինչի համար մեծ համառություն եւ հաստատակամություն է անհրաժեշտ»,-նշեց Ա.Հարությունյանը: Նա գտնում է, որ երկրի առջեւ երկու ճանապարհ կա` կամ հակակշիռների եւ զսպումների համակարգի միջոցով կերտել քաղաքացիական հասարակություն ու բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը, հասնել առաջընթացի, կամ էլ` «գերիշխանության» համակարգի պայմաններում ունենալ անտարբեր հասարակություն, մարդու իրավունքների ձեւական բնույթ, ինչը փակուղի է: Անտարբերությունն Ա.Հարությունյանը համարում է Հայաստանի համար ամենամեծ վտանգը: Ըստ նրա, ժամանակն է, երկրում ձեւավորվի տարանջատ եւ միմյանց հետ համագործակցող, քաղաքական եւ տնտեսական էլիտա, ժամանակն է նաեւ հրաժարվել օլիգարխիկ համակարգից: Պաշտպանը նաեւ գտնում է, որ օլիգարխիկ կապիտալը պետք է ընդունի իրավունքի եւ օրենքի գերակայությունը եւ հասարակությունից վերցրածի մի մասը հետ վերադարձնի` գալով թափանցիկ հարկային դաշտ: Դրա արդյունքում կնվազի կոռուպցիան եւ հասարակության մեծ մասը կվերածվի արժանապատիվ ապրող միջին խավի: «Հակառակ դեպքում հասարակությունը վաղ թե ուշ կվերցնի իր հասանելիքը: Մենք առաջարկում ենք այն փոխզիջումը, որը կձեւավորի քաղաքակիրթ, ազատ տնտեսական հարաբերություններ եւ զերծ կպահի Հայաստանի Հանրապետությունը ցնցումներից»,-նշեց Մարդու իրավունքների պաշտպանն` ընդգծելով, որ առանց ազատական տնտեսության, անիմաստ է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին: «Ժամանակն է հրաժարվել «հնարավորությունների» մշակույթից ի օգուտ «իրավունքի» մշակույթի»,-շեշտեց նա: Պաշտպանի խոսքերով, երկրի բնականոն զարգացման պարտադիր նախապայման է վերջին 18 տարիների ընթացքում Հայաստանում ձեւավորված վարչաքաղաքական ռեպրեսիվ մոդելից դեպի ժողովրդավարական կառավարում անցումը: Ըստ Ա.Հարությունյանի, խորհրդային ժամանակաշրջանից ժառանգություն մնացած ռեպրեսիվ համակարգի ներկայիս հիմնասյուներն են հատկապես Դատախազությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ): Ըստ Պաշտպանի, դրա ապացույցն է ՀՔԾ-ի աշխատանքի ոճը, որի պատճառով Պաշտպանի գրասենյակը ստանում է բազմաթիվ բողոքներ այն մասին, որ մարդկանց ստիպում են ինքնախոստովանական կամ երրորդ անձանց դեմ ցուցմունքներ տալ: «Այդ մարմինները մնացին պրոֆեսիոնալ` անհատին պետությանը ստորադասելու դեպքում, եւ ոչ պրոֆեսիոնալ` իրավունքի գերակայության ապահովման խնդրում: Այդ ոչ պրոֆեսիոնալիզմը ծանր բեռ է բոլորիս համար եւ, առաջին հերթին, իշխանության համակարգի համար, որը, կարելի է ասել, դարձել է այդ ոչ պրոֆեսիոնալիզմի պատանդը»,- ընդգծեց Ա.Հարությունյանը: Ըստ Պաշտպանի վերլուծության, ռեպրեսիվ համակարգի գոյության հետեւանքով վախի մթնոլորտը հասարակությունում չի նվազում, եւ դրանից ձերբազառվելը հասարակության ամենալուրջ խնդիրներից է: Նշվեց, որ համակարգային խնդիրներ ունի դատական համակարգը, եւ դատական մարմինների նկատմամբ հասարակության վստահությունը անթույլատրելի ցածր է: Ըստ Պաշտպանի, ժողովրդավարության համակարգը` ներառյալ անկախ դատական համակարգը, կարող է կատարելագործվել միայն ժողովրդավարություն հաստատելու հստակ ցանկություն ունենալու դեպքում: Ա.Հարությունյանը մտահոգիչ է համարում Երեւանում արտակարգ դրության ժամանակ` 2008թ.-ի մարտի 1-ից մինչեւ մարտի 20-ը, վարչական ապարատի գործունեության միակողմանիությունը, որի հետեւանքով 20 օր շարունակ հնչում էր միայն իշխանության տեսակետը: «Կրքերը բորբոքելու եւ հասարակությունը պառակտելու «ավելի արդյունավետ ճանապարհ» գոյություն չուներ: Բոլոր պայմաններում եւ, հատկապես, ողբերգական իրադարձություններից հետո, մարդկանց կարելի է հանգստացնել եւ որոշ չափով համախմբել միայն բազմակողմանի լրատվության միջոցով, այլ ոչ թե` միակողմանի քարոզչությամբ «ուղեղները լվանալով»,- հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Իրավունք