Իվետա Մուկուչյանը DIAFA-ի իր մրցանակը նվիրել է հերոս զինվորներին


Իվետա Մուկուչյանը DIAFA-ի իր մրցանակը նվիրել է հերոս զինվորներին

  • 30-11-2020 12:34:55   | ԱՄԷ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոյեմբերի 29-ին Դուբայում մասնակցել է Distinctive International Arab Festivals Awards-ին (DIAFA): Նա արժանացել է մրցանակի, որը նվիրել է հերոս զինվորներին:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանը մրցանակն ստանալիս դիմել է հանդիսատեսին՝ ասելով, որ Հայաստանում կրկին ցեղասպանություն է իրականացվում, և դեռ շատ հայ պատանդներ են գտնվում Ադրբեջանում: «Այս մրցանակը նվիրում եմ այն բոլոր զինվորներին և իմ ընկերներին, որոնք ռազմի դաշտում զոհեցին իրենց կյանքը, որպեզսի հայ ազգն ապրի»,- նշել է նա:
 
Միջին Արևելքի հեղինակավոր DIAFA մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում  ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ սկսած բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտից մինչև երաժշտություն:
 
 
Երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում,  սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա՝ Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։
 
Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։ 2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել է 7-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը