ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում մեր երկիրը բազմաթիվ հաջողություններ է գրանցել

01-12-2020 16:15:04   | Հայաստան  |  Հասարակություն
 


Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որ
ը 1988 թվականից ի վեր նշվում է ամբողջ աշխարհում: 
 
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս տարի օրվա խորհուրդն է` «Գլոբալ համերաշխություն. դիմացկուն ծառայություններ», ինչն այսօր առավել քան արդիական է հնչում: Միայն համընդհանուր պատասխանատվության և համերաշխության մթնոլորտում բոլորի` պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբման ճանապարհով հնարավոր կլինի դիմակայել այսօրվա մարտահրավերներին` հաղթահարել կորոնավիրուսային վարակը, հայտնաբերել, կանխարգելել, բուժել և, ի վերջո, վերացնել ՄԻԱՎ-ի համաճարակը բնակչության խոցելի խմբերի շրջանում` Կայուն զարգացման նպատակներին համահունչ:
 
«Վիճակագրական տվյալների համաձայն` 2019 թվականին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող մարդկանց գնահատված թիվը կազմել է 38 միլիոն, որոնց շուրջ 68%-ն ընդգրկված է եղել հակառետրովիրուսային դեղերով
բուժման ծրագրում: Նույն ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 1 միլիոն 700 հազար նոր դեպք և 690 հազար մահ` ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներից:
 
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Մինչև 2020 թ․ նոյեմբերի 27-ը մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ-ի 4123 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 448-ը` 2019 թ. ընթացքում: 1988 թ.-ից մինչև 2020 թ․ նոյեմբերի 27-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 221 դեպք օտարերկրացիների շրջանում, որոնցից 198-ը` 2019 թ. ընթացքում: 1988-2019 թվականներին գրանցվել է ՄԻԱՎ-ից մահվան 860 դեպք: 2020 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` հակառետրովիուսային բուժման մեջ ընդգրկված է ՄԻԱՎ-ով ապրող և իր կարգավիճակն իմացող 2326 մարդ:
 
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում մեր երկիրը բազմաթիվ հաջողություններ է գրանցել։
 
Նոր կորոնավիրուսային համավարակն (COVID-19) ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լրջագույն մարտահրավեր է: Սակայն պետք է փաստենք, որ COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակը մեր երկրում հակառետրովիրուսային բուժման ընդհատումների գրեթե չի հանգեցրել (այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ` այն ցածր է եղել 5%-ից): Քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հնարավոր եղավ դեղեր հասցնել բուժում ստացող անձանց, ներառյալ` արտերկրում ժամանակավորապես գտնվող մեր հայրենակիցներին:
 
Այսօր մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ կշարունակենք ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակին` մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանը հասնելու ուղղությամբ` մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված 95-95-95 թիրախներին համահունչ, որը ենթադրում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 95%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 95%-ը պետք է ստանա բուժում, և բուժվողների 95%-ի մոտ պետք է գրանցվի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունում:
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 356 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար