Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը. ՀՀ ԿԳՄՍՆ


Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը. ՀՀ ԿԳՄՍՆ

  • 02-12-2020 09:50:00   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ի գիտություն ուսուցիչների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ:  Գործընթացը կվերսկսվի 2021 թվականի հունվարի 14-ից:
 
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 03-Ն հրամանով՝ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1031-Ն հրամանի հավելվածով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում:
 
Նախ՝ փաստաթղթերի պարտադիր ցանկից դուրս է եկել դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկված լինելու մասին կետը, փոխարենն ավելացվել է վերջին 3 տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ միջազգային օլիմպիադաներում մեդալով պարգևատրված սովորող ունենալու մասին կետը:
 
Եթե նախկինում ուսուցիչները պետք է ներկայացնեին ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորած վերապատրաստման դասընթացի վարման մասին տեղեկանք, ապա այժմ ընդունվում է նաև նախարարության հետ հուշագրեր ունեցող կազմակերպություններում իրականացված վերապատրաստման դասընթացի մասին տեղեկանքը:
 
Ավելացել է երկու նոր բնութագրիչ՝ վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը և վերապատրաստում իրականացնելը կամ Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը։ Որպես բնութագրիչ ներկայումս ընդունվում են նաև ԿԳՄՍ նախարարության պատվոգրերը կամ շնորհակալագրերը։
 
Ըստ այդմ՝ անհրաժեշտ փաստաթղթերն են՝
 
1) Դիմում` ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին
 
2) Անձնագրի պատճենը
 
3) Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վկայական և զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման թերթիկի պատճենը
 
4) Կրթության վերաբերյալ փաստաթղթի (դիպլոմ) պատճենը
 
5) Աշխատանքային գրքույկի պատճենը կամ տնօրենի կողմից տրամադրված տեղեկանքը
 
6) Բնութագրիչները հավաստող փաստաթղթերը` համապատասխան տարակարգ ստանալու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն