Փաշինյանը ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստում կարևորեց գերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը

02-12-2020 15:02:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում:
 


«Վերջին երկու ամիսները հայ ժողովրդի համար դարձան ագրեսիայի դիմակայման շրջան: Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրներից ահաբեկիչ վարձկանների կողմից սատարվող Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ: Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել պատերազմական գործողությունները ու պայմանավորվել իրավիճակի ապաէսկալացման պայմանների շուրջ: Արդեն ավելի քան 3 շաբաթ է, ինչ դադարեցված են ռազմական գործողությունները: Հակամարտության գոտում տեղակայված են ռուս խաղաղապահները: Սակայն, այսօրվա դրությամբ մենք դեռ ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ: Առաջին հերթին դա ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման և անհետ կորածների ճակատագրերի բացահայտումն
է: Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողությունները` արագացնելու այդ գործընթացը և բարձրացնելու դրա արդյունավետությունը»,- ասաց
Փաշինյանը:
 
Վարչապետը նշեց, որ միաժամանակ անհրաժեշտ է բացառել բռնության գործադրման դեպքերը ռազմագերիների ու այլ պահվող անձանց նկատմամբ և նրանց արժանապատվության նսեմացումը:
 
«Երկրորդ հերթին` դա ԼՂ ժողովրդի վերադարձն է իրենց տները, վերականգնելը բնականոն կյանքը Լեռնային Ղարաբաղում: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ գտնվում են անվտանգության մեջ և կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազար արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տները, և մենք ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի օգնենք և աջակցենք մեր հայրենակիցներին: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել պաշտպանելու հայ ժողովրդի կրոնական և մշակութային կոթողները, որոնք գտնվում են ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցված տարածքներում»,- նշեց վարչապետը:
 
Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
 
«Դրանք անհրաժեշտ են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունն այսօր հանդիսանում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավոր»,- ասաց Փաշինյանը՝ կարևորելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը պատերազմի դադարեցման գործում:
 
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:
 
Նորայր Շողիկյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 338 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար