«Ավրորան» կհամակարգի Արցախին օգնող կամավորներին

03-12-2020 11:55:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է Արցախին օգնող կամավորներին համակարգելու մասին:
 


««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է օգնել արցախցիներին՝ ծրագրի նոր փուլով: «Ավրորայի» գործընկերների եւ աջակիցների համագործակցությամբ եւ կամավորների հայտագրմամբ՝ կապ կստեղծվի մարդկային ռեսուրսի կարիք ունեցող մարդասիրական կազմակերպությունների եւ այն մարդկանց միջեւ, որոնք
ցանկանում են նվիրաբերել իրենց ժամանակն ու փորձառությունը։ Միաժամանակ «Ավրորան» շարունակում է անմիջական օգնություն ցուցաբերել քսան տարբեր նախագծերի՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200.000 ԱՄՆ դոլար) բյուջեով եւ իրականացնում է միջազգային #AraratChallenge4Artsakh դրամահավաք:
 
Տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է բազմաբնույթ հարթակներ՝ հաղթահարելու համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները, ձեռք բերելով եզակի փորձ անձնվեր կամավորների հետ աշխատանքում: Նախաձեռնությունը նաեւ մեկտեղել է 9.000 անհատների տվյալների բազա, որոնք ցանկություն են հայտնել իրենց ժամանակն ու հմտությունները նվիրաբերել նախաձեռնությանն ու նրա նախագծերին: 2018 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության օրերի համար միայն դիմել էր ավելի քան 3.000 մարդ: 
 
Երբ «Ավրորան» հայտարարեց, որ հայտեր կընդունի կամավորներից, որոնք ցանկանում են օգնել արցախցիներին, ավելի քանի 300 մարդ արագ արձագանքեց: Այս պահին մենք կամավորների համագործակցություն  կնախաձեռնենք ստորեւ թվարկված նախագծերի հետ.
 
«Բարի մամա» հիմնադրամը կարիք ունի 10-15 կամավորների՝ նվերների ձեռքբերման եւ փաթեթավորման, ինչպես նաեւ Արցախի երեխաների համար ամանորի միջոցառում կազմակերպելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
«Բռունցք 2020»-ին անհրաժեշտ է օգնություն տեսակավորելու, փաթեթավորելու եւ խնամքի իրերով փաթեթներն արցախցի շահառուներին հասցնելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
 
«Ապավեն» կամավորական նախագիծը մտադիր է շաբաթը 10-15 կամավորների ներգրավելու՝ առաջնագծի զինվորների, Արցախից տեղահանվածների առաջնային կարիքների համար: Կարուձեւի հմտությունները կդիտվեն որպես առավելություն, այդուհանդերձ, հնարավոր է նաեւ տեղում իրականացնել վերապատրաստում:
 
«Սուրբ ծննդյան հրաշք Արցախի համար» նախաձեռնությանը դեկտեմբերի 5-ից անհրաժեշտ են կամավորներ՝ երեխաների նվերները փաթեթավորելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
 
«Հույս» նախագիծը փնտրում է կամավորների, որոնք կօգնեն երեխաներին տնային աշխատանքի
հարցում (ներառյալ հեռավար), ինչպես նաեւ կամավոր ուսուցիչների, վնասվածքաբան-թերապեւտների, լուսանկարիչների եւ տեխնիկական աջակցության օգնականների:
 
Կամավորների համակարգման ծրագիրն ընթացքի մեջ է, եւ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել աջակցության կարիք ունեցող կազմակերպություններից [email protected] էլ. հասցեով: Եթե ցանկանում եք նվիրաբերել ձեր ժամանակն ու հմտություններն ընտրված նախագծերից որեւէ մեկին, խնդրում ենք գրանցվել այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 476 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար