ԱՄՆ ղարաբաղյան նոր անակնկալը Մոսկվային ու Բաքվին. կապիտուլյացիան կասկածի տակ


ԱՄՆ ղարաբաղյան նոր անակնկալը Մոսկվային ու Բաքվին. կապիտուլյացիան կասկածի տակ

  • 09-12-2020 17:57:43   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում ասել է. «Մենք շարունակում ենք հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել: … Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին», ասել է Ռիկերը:
 
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբում Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն բավական պասիվ էին, ընթացքում հանդես եկան մի շարք հայտարարություններով, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո կասկածի տակ դրեցին այն: Հայտարարությունն անունով է միայն եռակողմ եւ առոչինչ է թե Մինսկի խմբի մանդատի առումով, թե Հայաստանին պարտադրված, ընդ որում՝ պարտության կանխորոշված ելքով ռուսական պլանի ուժով:
 
Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են բանաձեւեր, որոնցում հատկապես պետք է առանձնացնել երկու կետ՝ Ղարաբաղում 1994 թ. հրադադարի համաձայնագրով սահմանների վերականգնում տեղահանվածների վերադարձով, եւ կարգավիճակ: ԱՄՆ Կոնգրեսում նույնպես Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւ կա, Վաշինգտոնը նույնպես պնդում է երեք սկզբունքների վրա կարգավորման անհրաժեշտությունը:
 
Ֆրանսիան ու ԱՄՆ-ն կասկածի տակ են դնում եռակողմ հայտարարությունը, Մոսկվան ու Բաքուն պնդում են «նոր ստատուս-քվոն», իր հերթին Մոսկվան ողջ պատասխանատվությունը բարդում է Հայաստանի վրա:
 
Մոսկվան փորձում է մանեւրել Մինսկի խմբի ու եռակողմ հայտարարության միջեւ, նկատելիորեն Բաքվին շտապեցնելով այդ համաձայնագրի անշրջելիության հասնելու համար: Այդ թվում՝ հայ-«ադրբեջանական» սահմանի դեմարկացիայի ու ճանաչման հարցում: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարում են, որ չեն ընդունում «նոր ստատուս քվոն», այսինքն՝ պատերազմի արդյունքը, որի վրա հղում են անում Մոսկվան ու Բաքուն, հընթացս մեղադրելով Մինսկի խմբին անգործության մեջ:
 
Ո՞ւր կհասնի այս դիմակայությունը: Խնդիրն այն է, որ անկախ ամեն ինչից, նույնիսկ հայկական կողմի անգործությունից ու Մոսկվային անվերապահ հնազանդությունից, Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների հարցադրումները քանդում են մոսկովյան պետական-պրոպագանդիստական մեքենայի խնամքով կառուցված միֆոլոգիան ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին: Բացի այդ, Ղարաբաղի ճանաչման բանաձեւերը կախվում են Մոսկվայի ու Բաքվի վրա՝ դրանից բխող հետեւանքներով, այդ թվում՝ կարող են առնչվել Արեւմուտքի «պլանից» շեղվելու փորձերին:
 
Իրավիճակի ողջ «հմայքն» այն է, որ դա արվելու է առանց Հայաստանի, նույնիսկ եթե Հայաստանը Մինսկի խմբից խնդրի չանել դա: Հայաստանում 131 պատգամավոր ու 17 կուսակցություն են ասպարեզում, եւ ոչ մի կենդանության նշան՝ քաղաքական համարժեքության առումով:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play