Արմեն Հարությունյան. «Երեխաների իրավունքների խախտումների<br />
վերաբերյալ բողոքների բացակայությունը վկայում է, որ վիճակը իրոք<br />
պրոբլեմային է»<br />
Արմեն Հարությունյան. «Երեխաների իրավունքների խախտումների
վերաբերյալ բողոքների բացակայությունը վկայում է, որ վիճակը իրոք
պրոբլեմային է»
09-02-2009 23:00:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանում երեխաների
իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքներ չեն ստացվում,
պաշտոնական վիճակագրություն չունենք, եւ սա վկայում է այն մասին, որ
վիճակը իրոք պրոբլեմային է, որովհետեւ եթե ընդհանրապես բողոք չի
լինում, սա ճիշտ հակառակի մասին է խոսում»,- «Երեխայի
իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրությունում առկա խնդիրների
վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ
հրապարակային զեկույցի շրջանակներում փետրվարի 9-ին կազմակերպված
խորհրդարանական ընդլայնված լսումներում ասաց զեկույցի հեղինակ
Արմեն Հարությունյանը:
Նա նշեց, որ պետությունը պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի
ընտանիքի նկատմամբ: Ըստ Ա.Հարությունյանի, դա օրգանապես կապված է
երեխայի իրավունքների հետ, որովհետեւ երեխան ձեւավորվում է որոշակի
միջավայրում, որից առաջնայինը հենց ընտանիքն է:
Զեկույցում բարձացված խնդիրները հիմնականում ուրվագծվել են
բնակչությունից ստացված բողոքների եւ Մարդու իրավունքների
գրասենյակի կողմից իրականացված մոնիտորինգի հիման վրա: Դրանց
լուծման նպատակով առաջարկվում է ընդունել նոր օրենքներ, նաեւ
վերացնել գործող օրենսդրության բացթողումներն եւ հակասությունները:
Մասնավորապես, անհրաժեշտ է վերանայել ալիմենտի մեկնարկային ցածր
չափը, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար նպաստի նշանակման
կարգը: Ինչպես նշեց Ա.Հարությունյանը, ներկայումս նպաստը տրվում է
միայն աշխատող ծնողին, որը գտնվում է արձակուրդում: Մինչդեռ նպաստը
տրվում է երեխայի համար, եւ, ըստ պաշտպանի, սխալ է աշխատող ու
չաշխատող ծնողների միջեւ տարբերություն դնելը, հատկապես, որ շատ
դեպքերում ծնողը չի աշխատում օբյեկտիվ պատճառներով, այլ ոչ իր
մեղքով: