Դեսպանությունն անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ Իրան կատարած այցի վերաբերյալ հրապարակումներին


Դեսպանությունն անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ Իրան կատարած այցի վերաբերյալ հրապարակումներին

  • 01-02-2021 13:52:21   | Իրան  |  Հասարակություն

Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում կատարվել է հետևյալ գրառումը.
 
«Սոցիալական առանձին կայքերում որոշակի տեղեկություններ են հրապարակվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ս.թ. հունվարի 22-ից 26-ն Իրան կատարած այցի վերաբերյալ, որոնք ունեն նաև քննադատական ուղղվածություն:
 
Դեսպանությունը մշտապես հետևում է նման հրապարակումներին և օգտակար է համարում քննադատական նկատառումներն ու առաջարկությունները՝ հաշվի առնելով դրանք դեսպանության աշխատանքները կազմակերպելիս:
Կարևոր ենք համարում նաև դեսպանության գործունեությամբ հետաքրքրված քաղաքացիների իրազեկվածությունը՝ մշտապես ձգտելով նրանց համար հասանելի դարձնել կատարվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:
Ըստ այդմ՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս համառոտ կերպով անդրադառնալ նախարար Քերոբյանի այցին և դրա ընթացքում իրականացված ծրագրային միջոցառումներին (թեև այցի օրերին դեսպանությունը պարբերաբար լուսաբանել է նախարարի գլխավորած պատվիրակության ունեցած հանդիպումները):
 
Նախարար Քերոբյանն ունեցել է հետևյալ հանդիպումները.
 
- ԻԻՀ գիտատեխնոլոգիական հարցերով փոխնախագահ Սորենա Սաթթարի
 
- ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնի
 
- ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիան
 
- ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմի
 
- ԻԻՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդ
 
- ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթի
 
- Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեի
 
- Սպահանի նահանգապետ Աբաս Ռեզայի
 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական ծրագրերին և երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծվել է կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների համանախագահությամբ աշխատանքային խումբ: 
Ստորագրվել են համագործակցության հուշագրեր: 
 
Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի է ունեցել Թեհրանի հայ գործարարների հետ խորհրդաժողով, որին մասնակցել է հիսունից ավելի գործարար: ՀՀ էկոնոմիկայի նախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վիճակը, առաջիկա անելիքները, այդ թվում կապված «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման, ՀՀ-ում արդյունաբերական ավանի ստեղծման և մի շարք այլ կարևոր ծրագրերի հետ:
Նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի և ունեցել տասնյակ առանձնազրույցներ գործարարների հետ:
 
Այցի վերջին օրն Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի հետ քննարկվել են գործարար առանձին խմբերի Հայաստան գործուղման, ցուցահանդեսների կազմակերպման և մի շարք այլ հարցեր:  
Խիստ հագեցած աշխատանքային ծրագրի պայմաններում ՀՀ էկոնոմիկայի նախարարն ունեցել է մի շարք նախապես չծրագրված հանդիպումներ և այցեր, այդ թվում՝ «Մափնա», «Մամութ» ընկերություններ, «Շասթա» հոլդինգ և մի շարք այլ ընկերություններ և գործարաններ:
 
Ինչ վերաբերում է կաթնամթերքի արտադրության «Միհան» ընկերությանը, ցավում ենք, որ այցը չի կայացել (իրանական կողմին նախապես զգուշացվել է այցի չեղարկման մասին), սակայն հարկ ենք համարում նշել, որ ՀՀ դեսպանը մոտ օրերս պատրաստվում է այցելել հիշյալ ընկերություն և քննարկել Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հետ կապված խնդիրներ: 
 
Դեսպանությունը ներկայումս ստանում է բազմաթիվ հարցեր և առաջարկություններ, որոնց հետ կապված ցուցաբերվում է պատշաճ և շահագրգիռ վերաբերմունք»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play