Հաղորդակցությունները չեն բացվելու. վաղուց ամեն բան որոշված է


Հաղորդակցությունները չեն բացվելու. վաղուց ամեն բան որոշված է

  • 05-02-2021 15:25:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ համաձայնություն է ստորագրվել «Լեռնային Ղարաբաղի զարգացման մասին», որում խոսվում է ապաշրջափակման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքների նոր օբյեկտների կառուցման մասին։ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 30-ին, իսկ երեկ Երեւանը հաստատել է ենթահանձնաժողովի կազմը, որը քննարկելու է «հաղորդակցությունների ապաշրջափակման» մանրամասները, բայց, ըստ երեւույթին, ոչ մի հաղորդակցություն էլ չի լինելու։
 
Առաջին հերթին, այն պատճառով, որ ամեն բան արվում է ինչպես հին հրեական անեկդոտում։ Չնայած խոսքը «Ղարաբաղի զարգացման» մասին է, բայց ճանապարհները բացվում են ոչ թե Ղարաբաղում ու չեն էլ բացվում, այլ նորերն են կառուցվում, ու ոչ թե տարածաշրջանի զարգացման, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի կապի համար։ Առայժմ Հայաստանում, Վրաստանում ու Իրանում կարծիք չի հնչել այն մասին, թե ինչ լավ բան կարող է տալ «ճանապարհների ապաշրջափակումը»։ Հայ փորձագետները խոսում են Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքից, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են բռնակցել Սյունիքը, որը Ռուսաստանը «պարտք» է նրանց՝ Արցախում ռազմական ներկայության դիմաց։
 
Իրանական երկաթուղու ղեկավարությունը փետրվարին կայցելի Ռուսաստան եւ Ռուսական երկաթուղու ղեկավարության հետ կքննարկի Ադրբեջանով ճանապարհի հատվածի շինարարությունը, ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Կողմերը կքննարկեն Չաբահար նավահանգստից Զահեդան, ինչպես նաեւ Ռաշտից ու Աստարայից Սանկտ Պետերբուրգ երկաթուղու շինարարությունը։ «Կա երկու հատված, որոնք պետք է ավարտին հասցնել․․․ երկրորդ հատվածն ադրբեջանցիներն էին ուզում ֆինանսավորել, եւ վերջերս Բաքուն հայտարարեց, որ կարող է սկսել ֆինանսավորումը։ Մենք հույս ունենք, որ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների շրջանակում մենք կարող ենք իրականացնել այդ նախագիծը», – ասել է դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ։
 
Այլ խոսքով, Իրանը չի պատրաստվում ներդրում անել Ռուսաստանի հետ երկաթուղիներում, առավել եւս Սյունիքով՝ Իրանի ու Հայաստանի հետ սահմանով։ Իսկ եթե Ռուսաստանը ցանկություն ունի, ապա կարող է ինքնուրույն ավարտին հասցնել Ռեշտով ճանապարհի կառուցումը, ակնարկում է Թեհրանը։
 
Սպուտնիկ Գրուզիան հրապարակել է Գրուզինֆորմի գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլիի կարծիքը, ըստ որի, Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանի ու Թուրքիայի հետ կապող ավտոմոբիլային ու երկաթուղային միջանցքների ապաշրջափակումից հետո Վրաստանը կդադարի Հայաստանը Ռուսաստանին եւ Ադրբեջանը Թուրքիային կապող միակ միջանցքը լինելուց։ «Որպեսզի դա տեղի չունենա, Վրաստանը պետք է շտապ վերաբացի ինչպես հին ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները, որոնք նրան կապում են Ռուսաստանին Աբխազիայով ու Հարավային Օսիայով, այնպես էլ բարեկարգի Ստեփանծմինդա-Վերին Լարս-Վլադիկավկազ ճանապարհը կամ էլ բացի Շաթիլի-Իտում-Կալի-Գրոզնի նոր մայրուղին», – ասում է փորձագետը։
 
Պրոքսի պատերազմը, որը Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ իրականացնում է Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմից հետո, ուղղված է ոչ թե հաղորդակցությունների բացմանը, այլ Հայաստանի՝ Իրանի հետ սահմանակից հատվածի բռնակցմանը եւ Հայաստանի մեկուսացման խորացմանը։ Դա պետք է հստակ ու պարզ հայտարարվի ամենաբարձր դիվանագիտական մակարդակով։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play