12․000-ից ավելի երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին. ծնողները պահանջում են ընդունել նրանց


12․000-ից ավելի երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին. ծնողները պահանջում են ընդունել նրանց

  • 08-02-2021 15:21:41   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր մի խումբ ծնողներ հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքի ցույցի:  Նրանք դժգոհում են մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպումից:
 
Լրագրողների հետ զրույցում բողոքող ծնողներից մեկը՝ Լուսինե Սարգյանը, նշեց, որ կարանտինի պայմաններում համբերել են մեկ տարուց ավելի, թե երբ կհասնի իրենց բալիկների՝ մանկապարտեզ ընդունելու հերթը:
 
«Հիմա կարանտինը նորից երկարաձգել են, ու հարցի լուծման տարբերակ չի առաջարկվում: Իմ  երեխան 2019 թ․ սեպտեմբերից հերթագրվել է, 1.5 տարի հերթի մեջ է. երեխայիս պահելու համար դուրս եմ եկել աշխատանքից, շատ հուսահատ վիճակում ենք», - նշեց նա:
 
Ըստ ծնողի՝ 12 հազար եւ ավելի գրանցված երեխաներ կան, որոնք սպասում են ՝ հերթը երբ կհասնի իրենց: Կառավարությունը կարանտինի պայմաններում հանրության համար նոր եւ ընդունելի  օրենքներ է մշակել կրթական օղակների համար՝ դպրոցների, համալսարանների, սակայն ոչ մի բան չի նախաձեռնվում պետական մանկապատեզների համար:
 
«Երեք օրվա ընթացքում 100 եւ ավելի ծնողներ համախմբվել ենք, որպեսզի հասկանանք, թե այս հարցը ինչպես կարող ենք բարձրաձայնել, որ ի վերջո գտնենք դրա լուծումը:
 
12 000, նույնիսկ ավելի երեխա կա գրանցված. նրանցից շատերը սպասում են արդեն 2-3 տարի: Եվ ինչքան ժամանակ է՝ հարցը կախված է մնացել օդում:
 
Ծնողների մի մասն է միայն այստեղ. դիմել ենք պատկան կառույցերին՝  քաղաքապետարան, համայնքապետարան, բայց ոչ մի հուսադրող պատասխան չենք ստացել: Պետական մանկապարտեզից տարբեր ժամկետներ են նշում, թե երբ նորից կսկսվի  ընդունելության գործընթացը», -նշեց նա:
 
Ծնողը, հայտնելով իր անհանգստությունը եւ դժգոհությունը, ընդգծեց հետեւյալը. 
 
«Երեխայի առողջ մեծանալու համար շփում է պետք, հնարավոր չէ այսպես շարունակելը: Հույս ունենք, որ շուտափույթ լուծում կգնի այս հացը, եւ գոնե գարնանից երեխաները կկարողանան հաճախել մանկապարտեզ»:
 
Քաղաքապետարանի մամուլի խոսնակը, տեսնելով քաղաքապետարանի դիմաց հավաքվածներին եւ լրագրողներին, մոտեցավ եւ հարցի վերաբերյալ ասաց հետեւյալը.
 
«Քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է այս խնդրին, այլ նաեւ քայլեր է ձեռնարկում՝ մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու համար: Անցած տարվանից մինչեւ օրս չկա ընդունելություն. մանկապարտեզներում  հաճախելիության սահմանափակումները պայմանավորված են եղել կորոնավիրուսային համավարակի պատճառով: Երեւանի քաղաքապետարանն այս առումով հետեւում է բացառապես կառավարությունից տրվող  ցուցումներին: Այդուհանդերձ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները եւ համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ ունենալ համապատասխան գերատեսչությունների հետ՝ այս հարցին տրամաբանական  լուծում տալու համար. մենք հասկանում ենք, որ շատ ծնողներ երեխաներին մանկապարտեզ չեն կարողանում տանել:  Քննարկումներից հետո տեղեկատվությունը անպայման հայտնելու են»:
 
Սակայն ծնողներին չհոգացրեց այս պատասխանը, Լուսինե Սարգսյանը հարցրեց, թե հնարավո՞ր չէր արդյոք մինչեւ հիմա ինչ-որ մի որոշման գալ, որ այս իրավիճակում չհայտնվեին շատերը:
 
Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ հասկանում է ծնողների մտահոգությունը, բայց պետք է սպասեն, մինչեւ որեւէ լուծում կտրվի հարցին:
 
Ծնողին չգոհացրեց պատասխանը, եւ նա նշեց, որ շատ երեխաներ այսօր հաճախում են մասնավոր մանկապարտեզներ, որտեղ վարձը սկսվում է 70 000 դրամից:
 
Ծնողներից մեկն էլ նշեց, որ չնայած որ նախընտրում է պետական մանկապարտեզը, ստիպված երեխային վճարովի մանկապարտեզ է ուղարկում, որ երեխան կարողանա տարիքին համապատասխան զարգացումով հետ չմնալ մյուսներից:  Մեկ այլ ծնող  էլ նշում էր, որ  ստիպված դուրս է եկել աշխատանքից, որ երեխային կարողանա խնամել:
 
«Մեր տան շրջակայքի երեք մանկապարտեզներից ոչ մեկում տեղ չկա. արդեն կես տարի է, ինչ սպասում եմ, բայց կան ծնողներ, որ նույնիսկ իրենց բալիկներին երկու տարի առաջ են գրանցել, ու ոչ մի առաջընթաց չկա: Վերջերս գնացել եմ նաեւ թաղապետարան, մանկապարտեզների բաժնի պատասխանատուն ինձ պատասխանել է, որ մինչեւ սեպետեմբեր, պայմանավորված համավարակով,  մանկապարտեզներում ընդունելություն չի լինելու. հիմա առաջնահերթությունները հիմնականում տրվում են միայնակ ծնողներին ու անապահով ընտանիքներին, նաեւ զինծառայողների ընտանիքներին: Բայց մեր ծնողների մեջ կան զինծառայողների ընտանիքների ներկայացուցիչներ, որոնց եւս առաջնահերթություն չի տրվել», -նշեց Զարուհի Սարիբեկյանը:
 
Ծնողի խոսքով՝ նրանց  պահանջը մեկն է. վերաբացվեն մանկապարտեզների բնականոն ընդունելությունները, քանի որ իր պես մայրիկներ կան, որ չգիտեն՝ գնա՞ն աշխատանքի, թե՞ խնամեն երեխաներին, իսկ մասնավոր մանկապարտեզները շատ թանկ են: Պատրաստ են նույնիսկ սահմանափակումներով ուղարկել երեխաներին, որովհետեւ երեխաներն ունեն մյուս երեխաների հետ շփվելու, զարգանալու կարիք, որը չի լինում տանը ապահովել:
 
Նշենք, որ Կառավարության որոշման համաձայն՝ դպրոցները հակահամաճարակային սահմանված կարգերին համապատասխան արդեն վերսկսել են դասերը առկա եղանակով: Իսկ մանկապարտեզների համար երեխաների ընդունելությանը վերաբերող նոր որոշում առայժմ չկա:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play