ՄԻՊ հանդեպ իշխանության քայլերը հետապնդման տարրեր են պարունակում
15-03-2021 10:33:08 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը:
Տիկին Կարապետյանց, Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման կրճատման մասին օրինագիծը, օմբուդսմենի խոսքով, անկախությունից զրկելու նախագիծ է և հակասահմանադրական է։ Ֆինանսական անկախությունից զրկելու դեպքում ՄԻՊ-ը կդիմի Սահմանադրական դատարան։ Ինչպե՞ս եք գնահատում, իշխանության կողմից միտում տեսնո՞ւմ եք ՄԻՊ անկախությունը սահմանափակելու։
Իրականում ես որևէ ռացիոնալ հիմնավորման չեմ հանդիպել իշխանության կողմից, այդ թվում չկա նաև այն հարցում, թե ինչու Թաթոյանը չի մասնակցում կառավարության նիստերին։ Այո, այն միտքը, որ սա կարող է նաև հետապնդման էլեմենտ ունենալ, կյանքի իրավունք ունի։ Ես այն մարդկանցից մեկն եմ, որ հեղափոխությունից առաջ և հետո էլ Թաթոյանին և իր գրասենյակը քննադատել եմ, թե ինչու ժամանակին չեն արձագանքում, սա ուրիշ հարց է։ Բոլոր դեպքերում ստեղծվում է շատ մեծ պրոբլեմ, իշխանությունն ամեն անգամ իրավիճակային լուծում է փնտրում։ Ես չգիտեմ՝ ովքեր են խորհրդատուները, ովքեր են այդ հանճարեղ մտքերի գեներատորները, բայց իրենք ամեն անգամ անում են գործողություններ, որի արդյունքում վարկաբեկվում է մեր պետությունը, ժողովրդավարության գնալու ճանապարհը։ Ես չեմ հասկանում գործողությունների տրամաբանությունը, և որևէ տրամաբանություն իրենց քայլերում չեմ տեսնում։
Ընդհանրապես կա՞ր ՄԻՊ-ի բյուջեն կրճատելու անհրաժեշտություն։ Ի վերջո, ի՞նչ խնդիր է իշխանությունը լուծում։
Ես չեմ բացառում, որ հաշվի առնելով երկրի իրավիճակը, հնարավոր է իրողություններով պայմանավորված կրճատում անել, բայց դա պետք է լինի հիմնավորված, և կան ոլորտներ, տեղեր, որտեղ ինձ համար ընդունելի չի լինելու կրճատումը, մասնավորապես մարդու իրավունքներին վերաբերող ոլորտները։ Այդ հատվածներում կրճատումներն ինձ համար ընկալելի և ընդունելի չեն, չի կարելի կրճատումները անել պլյուս-մինուսով՝ հաշվի չառնելով հետևանքները։ Մեր իշխանությունները հատուկ ունակություն ունեն բոլոր խնդիրները մեկ հարթության մեջ դիտարկելու։ Որևէ մեկն ունակ չէ մի քանի հարթության մեջ դիտարկել խնդիրը և հասկանալ հետևանքները։ Տպավորություն է, որ իրականությունից լրիվ կտրված են։ Կարող էին լինել կրճատումներ, եթե դրա անհրաժեշտությունը կար, բայց գուցե դրանից առաջ մտածեին իրենց պարգևավճարնե՞րը կրճատելու մասին։ Եթե դա չի քննարկվում, մնացած բոլոր հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, նման կրճատում չեմ ընդունելու։
ՄԻՊ-ը որքանո՞վ է արդյունավետ աշխատում հետպատերազմյան Հայաստանում։ Նշեցիք, որ ի սկզբանե քննադատել եք ՄԻՊ աշխատանքը, իսկ հիմա՞ ինչպես եք գնահատում։
Պատերազմի հետ կապված, կարծում եմ, ՄԻՊ-ը շատ մեծ աշխատանք է արել, իմ քննադատությունը այլ ոլորտների հետ է կապված եղել, մարդկանց հետապնդումների, տարբեր հարցերի շուրջ իրենց արձագանքների հետ կապված, և ոչ բոլոր դեպքերում է ՄԻՊ-ը խիզախել արձագանքել արագ։ Բայց իրենք պատերազմի օրերին շատ մեծ աշխատանք են իրականացրել, և միջազգային գործընկերներն էլ բարձր գնահատեցին այդ աշխատանքի որակը, ծավալը, հատկապես Արցախի ՄԻՊ-ի հետ արված համատեղ աշխատանքը շատ բարձր է գնահատվում։
Եվ իշխանության այս քայլը հերթական որոշումն է, որը տրամաբանված և գնահատված չէ, և արդարացում չունի։
Եթե նախագիծը կյանքի կոչվի և ՄԻՊ-ը դիմի ՍԴ, ի՞նչ իրավիճակ կստեղծվի։
Համենայն դեպս, Հայաստանի համար նպաստավոր իրավիճակ չի ստեղծվելու, մեր ժողովրդավարությունը դրվելու է կասկածի տակ՝ կառավարելի ՄԻՊ ունենալու հարցով։ Եվ մենք նորից իջնելու ենք բոլոր ժողովրդավարական սանդղակներով և շատ արագ հետընթաց ենք ապրելու։