ՏՏ ոլորտի հայ կառավարիչներից լավագույններն այսուհետ վերապատրաստում կանցնեն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում<br />


ՏՏ ոլորտի հայ կառավարիչներից լավագույններն այսուհետ վերապատրաստում կանցնեն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում

  • 18-04-2011 18:28:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Այսուհետեւ ամեն տարի ԱՄՆ Սթենֆորդի համալսարանը 3 տեղ կհատկացնի Հայաստանին՝ ՏՏ ոլորտի լավագույն երեք մենեջերների որակավորման 15-օրյա բարձրագույն դասընթացներ անցնելու համար։ Այս մասին ապրիլի 18-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո ՏՏ ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխություն անցկացնելու նախաձեռնող «Սինոփսիս-Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ Մրցանակաբաշխությունը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից 18,5-19 մլն դրամի հատկացման շնորհիվ։ «Ըստ մեր ունեցած տվյալների, միայն Հայաստանում է նմանատիպ միջոցառում իրականացվում՝ կառավարության հովանու ներքո, մասնավորի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք դրա դրական արդյունքները կունենանք»,- ասաց Հ.Մուսայելյանը, հավելելով, որ յուրաքանչյուր անձի ծախսերը՝ ներառյալ ճանապարհածախսը, կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար։ Սակայն 3 անձի հաշվարկով Սթենֆորդի համալսարանը բանակցությունների արդյունքում զեղչել է շուրջ 10 հազար դոլար եւ ընդհանուր գումարը դարձրել 50 հազար դոլար։ Հ.Մուսայելյանը չբացառեց, որ ապագայում տեղերը կարող են ավելացվել, իսկ ՏՏ ոլորտի հայ մասնագետները վերապատրաստվել նաեւ այլ համալսարաններում։ Ըստ հանձնաժողովի անդամ, ՀՀ վարչապետի օգնական Վարդան Նիկոյանի, ՏՏ ոլորտը վերջին տարիներին Հայաստանում էապես զարգացել է։ «Դրա ապացույցն այն է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում տարեկան կտրվածքով գրանցվեց 17 տոկոսանոց աճ, ինչպես նաեւ կատարվեցին զգալի ներդրումներ»,- ասաց նա։ ՀՀ վարչապետի օգնականը հավելեց, որ այսօր արդեն ակնհայտ է, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների անհնար է բարձրացնել ընդհանուր տնտեսական համակարգի արդյունավետությունը, եւ այդ առումով էական դեր ունի ՏՏ մասնագետների կրթությունն եւ վերապատրաստումը որպես արդիականացման հիմնական գրավական։ «ՏՏ ոլորտում մենք ունենք լուրջ ռեսուրսներ, բայց այդ ռեսուրսները դեռեւս արդյունավետ չեն կառավարվում»,- նկատեց Վարդան Նիկոյանը։ Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին կարեւորեց ազգային ծրագրի իրականացումը, ընդգծելով, որ դրա շնորհիվ տարեկան մի քանի տաղանդավոր երիտասարդներ, ինչպիսիք Հայաստանում քիչ չեն, կարող են մեկնել արտասահման, վերապատրաստվել եւ ստացած փորձառությունը փոխանցել նաեւ ուրիշներին։ «Մենեջերների համակարգն այս կերպ մեր երկրում կզարգանա».- ասաց Ռ.Յիրիկյանը։ Ի պատասխան լրագրողների հարցերի, Հովիկ Մուսայելյանը նշեց, որ ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի, ցանցային պատրաստվածության ցուցիչով Հայաստանը 138 երկրների շարքում 109-րդն է։ «Իմ խորին համոզմամբ, Հայաստանի իրական տեղը 70-80-ի սահմաններում է»,- ասաց «Սինոփսիս-Արմենիա»-ի տնօրենը, պարզաբանելով, որ զեկույցի հարցադրումների առնչությամբ տեղեկատվության անընդհատ թարմացման հարցում կառավարությունն էլ անելիքներ ունի։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ