Հայաստանի Հանրապետությունը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին ծառայելու ՀՀ կառավարման համակարգում


Հայաստանի Հանրապետությունը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին ծառայելու ՀՀ կառավարման համակարգում

  • 16-03-2021 14:18:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«իԳործ»-ը բացառիկ հնարավորություն է սփյուռքահայերի համար իրենց փորձը ներդնել Հայաստանի պետական մարմիններում 
 
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (մարտ 16, 2021) - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «իԳործ» 2021 ծրագիրը, որը 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետների՝ ակադեմիական հավաստագրերով և աշխատանքային փորձով, հնարավորություն կտա աշխատել Հայաստանի նախարարություններում և այլ պետական մարմիններում: 
 
Ծրագիրն իրականացվում է 2-րդ անգամ, և 2021 թվականի հայտադիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը՝ հայերենով, ռուսերենով և անգլերենով: Վերջնաժամկետից հետո կսկսվի հայտադիմումների դիտարկման գործընթացը, և առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: Վերջնական ընտրությունից հետո սփյուռքահայ մասնագետները մեկ տարի ժամկետով աշխատանքի կանցնեն համապատասխան գերատեսչություններում:
 
«իԳործ»-ը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իրականցվող առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում, որի ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը: Ծրագիրը ոչ միայն առաջարկում է կառավարման համակարգում աշխատանքի աննախադեպ հնարավորություն, այլև պետականաշինության գործում պատուհան է բացում սփյուռքահայերի համար ստեղծելու ավելի խորքային կապ հայրենիքի հետ:
 
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն առաջին անգամ «իԳործ»-ը մեկնարկել է 2020 թվականի գարնանը՝ նպատակ ունենալով սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմամբ հզորացնել Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Այժմ 19 տարբեր երկրներից 51 սփյուռքահայ մասնագետներ աշխատում են 19 գերատեսչություններում:
 
Ընտրված մասնագետները ծրագրի շրջանակներում ստանում են ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար, կացության վճար և առողջապահական ապահովագրություն:
2021 թվականին ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին և կտևի 12 ամիս:
Եթե ցանկանում եք դիմել «իԳործ» 2021 ծրագրին, խնդրում ենք լրացնել հայտադիմումն այստեղ: Հարցերի պարագայում ազատ եղեք կապ հաստատել մեզ հետ [email protected]  էլ. հասցեով կամ զանգահարել (+374) 10 51-55-14 հեռախոսահամարին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն