Ռուսաստանը ձգում է օղակը Հայաստանի շուրջ՝ ատոմակայան, գազ, ՆԱՏՕ-ի զորավարժություններ


Ռուսաստանը ձգում է օղակը Հայաստանի շուրջ՝ ատոմակայան, գազ, ՆԱՏՕ-ի զորավարժություններ

  • 19-03-2021 10:22:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Չնայած Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմից հետո Եռակողմ հայտարարությունը նախատեսում է կոմունիկացիաների և էներգետիկայի ապաշրջափակում, սակայն Հայաստանի հանդեպ տեղի են ունենում հակառակ գործընթացներ։ Մասնավորապես, կասկածի տակ է դրվում ատոմակայանի գոյությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, փորձարկվում է Հայաստան ներմուծվող ռուսական գազի մատակարարումը ադրբեջանականան ճանապարհներով, որոնք ցանկացած պահի կարող են փակվել։ Հայկական բանակը ներառվում է ռուսականի մեջ, և աբողջությամբ կտրվում են Հայաստանի կապերը ՆԱՏՕ-ի և արևմտյան բանակների հետ։
 
Վերանորոգման աշխատանքների ժամանակ երեք շաբաթների ընթացքում Հայաստանը կշարունակի գազ ստանալ Վրաստանի տարածքով, հայտարարել են Հայաստանի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում. «Թե ինչպես է Ռուսաստանը գազը հասցնում Վրաստնան, հայ սպառողի համար առաջնահերթ խնդիր չէ», հավաստիացրել են նախարարությունում։ Օրերս «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը հայտարարել է, որ  «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքների պատճառով Հայաստանի համար ռուսական գազի մատակարարումը Վրաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով։ Խոսակցություններ կան գազի թանկացման վերաբերյալ:
 
Կան ռիսկեր, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետները չեն երկարաձգվի, հայտարարել է Հայկական ԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, նշելով, որ Հայաստանը կցանկանար երկարաձգել ժամկետը ևս 5-10 տարով։ Հիշեցնենք, որ ԱԵԿ վերանորոգման և այլ աշխատանքներով զբաղվում է Ռուսաստանը։ Արդյոք Մոսկվան մտադիր է Հայաստանին զրկել ատոմային էներգետիկայից, Թուրքիայի ու Բաքվի ցանկություններին համապատասխան։
 
Հայաստանի ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը ՆԱՏՕ-ի Defender Europe 2021 զորավարժություններին հայկական կողմի մասնակցության մասին։ Վերջերս ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Խարչենկոն գրել էր, որ Երևանը իբր մտադիր է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որտեղ խաղարկվելու է ԱՄՆ զորքերի տեղափոխումը Ռուսաստանի սահմանների մոտ։
 
Հայկական ԶՈՒ երկար տարիներ մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին և առաքելություններին։ Սակայն, 2020 թվականի պատերազմից հետո հայ զինվորականների թիվը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում հասցվել է նվազագույնի, իսկ զորավարժություններին մասնակցելու մասին լուրերը միանգամից հերքվում են։
 
Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղրիմում ՌԴ նախագահի ներկայացուցիչ, փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։ «Ղրիմի պաշտոնական պատվիրակության այցը նախատեսված է ապրիլի առաջին կեսին։ Սակայն պայմանով, որ Հայաստանում կպահպանվի ընդունելի և կայուն քաղաքական իրավիճակ», ասել է Մուրադովը։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play