Ապրիլյան պատերազմ. Հարցեր, որոնց պատասխաններն այսօր չեն տրվում...


Ապրիլյան պատերազմ. Հարցեր, որոնց պատասխաններն այսօր չեն տրվում...

  • 02-04-2021 11:39:18   | Հայաստան  |  Հասարակություն

2019թ. մայիսի 20-ին ՀՀ կառավարությունում դատական համակարգի վերաբերյալ իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տառացիորեն հայտարարեց հետևյալը. Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: 
Նշված հայտարարությունից օրեր անց՝ 2019թ. մայիսի 31-ին, ԱԺ 47 պատգամավորի դիմում-պահանջով ՛՛ԱԺ կանոնակարգ՛՛ սահմանադրական օրենքով սահմանված կարգով իրավունքի ուժով ստեղծվեց քննիչ հանձնաժողով՝ 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով:
Նշված օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամսով:
Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մեկ անգամ երկարաձգվել է, և հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները:
Հանձնաժողովի գործունեության ավարտից հետո նրա կողմից կազմված զեկույցը ներկայացվում է ԱԺ նախագահին, որից հետո զեկույցը քննարկվում է ԱԺ-ում և ուղարկվում զեկույցում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց: 
Այդ հանձնաժողովից հանրությունն ակնկալում էր ստանալ հետևյալ հարցերի հստակ պատասխանները.
1. Արդյո՞ք 2016թ. ապրիլյան պատերազմի նախօրեին և ընթացքում եղել է դավադրություն հայ ժողովրդի նկատմամբ, թե՞ ոչ:
2. Արդյո՞ք այդ ժամանակահատվածում պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել այնպիսի արարքներ, որոնք ենթակա են քրեաիրավական գնահատականի:
3. Արդյո՞ք 2016թ. ապրիլյան քառօրյային նախորդող ժամանակահատվածում զինված ուժերում տեղի են ունեցել այնպիսի չարաշահումներ, ենթադրյալ վատնումներ կամ սխալ պլանավորում, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողել պատերազմի ընթացքի և զորքերի մարտունակության վրա:
Հիմա արդեն ակնհայտ է, որ հանրությունն այդպես էլ չի ստանալու այդ հարցերի պատասխանները, ավելի՛ն, ամենայն հավանականությամբ գործող խորհրդարանում էլ նշված զեկույցը չի քննարկվի...
Հ.Գ. հաջորդ խորհրդարանը պետք է անպայման մանրամասն ուսումնասիրի 2016 և 2020թթ. արցախյան պատերազմների բոլոր պատճառներն ու հանգամանքները՝ հասարակությանը ներկայացնելու համար, թե ինչու՞ հայտնվեցինք այս իրավիճակում, երբ արցախյան առաջին պատերազմում հաղթել էինք և ունեինք մարտունակ բանակ...
 
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play