Ջավախահայության խնդիրները ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում ներկայացված են թերի եւ խեղաթյուրված <br />


 

Ջավախահայության խնդիրները ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում ներկայացված են թերի եւ խեղաթյուրված

  • 18-04-2011 13:34:37   | Վրաստան  |  Իրավունք
 Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի գնահատմամբ, ԱՄՆ պետքարտուղարության 2010թ. մարդու իրավունքների զեկույցում ջավախահայության խնդիրները ներկայացված են թերի եւ խեղաթյուրված։ Այդ կնապակցությամբ խորհուրդը ապրիլի 18-ին տարածել է Հետեւյալ հայտարարությունը. «2011թ. ապրիլի 8-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց 2010թ. մարդու իրավունքների մասին զեկույցը: Ինչպես եւ անցյալ տարի, այս տարի նույնպես զեկույցի (http://www.state.gov/documents/organization/160457.pdf)` Վրաստանին վերաբերող մասում ջավախահայության իրավունքների ոտնահարման փաստերը ներկայացված են խիստ թերի եւ խեղաթյուրված կերպով: Մասնավորապես զեկույցում արտացոլված չեն ջավախահայության իրավունքների ոտնահարման հետեւյալ փաստերը. Ջավախահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների շարունակական, ուղղակի եւ տոտալ վերահսկողության ներքո: Ոստիկանության կողմից իրականացվող անօրինական գործողությունների միջոցով (ճնշումներ, սպառնալիքներ, անօրինական կալանք, շինծու քրեական գործերի հարուցում եւ այլն) արմատախիլ են արվում ջավախահայության հասարակական բողոքի անգամ չնչին դրսեւորումները: Հայաբնակ շրջաններում հօգուտ Սաակաշվիլու «Ազգային շարժում» իշխող կուսակցության կեղծվեցին 2010թ. մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է ստեղծել քաղաքական կազմակերպություններ տարածաշրջանային հիմքի վրա: Դրա հետեւանքով ջավախքյան քաղաքական կառույցները ընտրություններին մասնակցելու համար ստիպված են ուղիներ փնտրել համավրաստանյան որեւէ քաղաքական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկվելու համար: Սա էապես խոչընդոտում է հայ բնակչության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը հանրային կյանքին: Վրացական իշխանությունները արագացված տեմպերով շարունակում են համախումբ հայ բնակչություն ունեցող շրջաններում հանրային կյանքի բոլոր ոլորտներում վրացերեն լեզվի բռնի պարտադրման քաղաքականության իրականացումը` արհամարհելով հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու ջավախահայության պահանջները: Դրանով կոպիտ ոտնահարվում են Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում` Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Եվրոպական շրջանակային կոնվենցիայի դրույթները: Սամցխե-Ջավախք նահանգում հայերն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են բնակչության 55%-ը, սակայն նրանք գրեթե ներկայացված չեն նահանգի կառավարման մարմիններում: Վրացական իշխանությունները շարունակում են սահմանի վրա անօրինական խոչընդոտներ ստեղծել հայալեզու գրականություն եւ մամուլ Ջավախք փոխադրելու հարցում: Զեկույցում արդարացիորեն նշվում է, որ ջավախահայերը բողոքում են հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու վրաց իշխանությունների դժկամությունից, սակայն դրանից անմիջապես հետո ավելացվում է, որ «ըստ որոշ ՀԿ-ների` վրաց լեզվի ուսուցման վիճակը բարելավվել է»: Դրանով ԱՄՆ պետքարտուղարությունը կարծես թե անուղղակիորեն քաջալերում է իշխանություններին շարունակել Ջավախքում վրաց լեզվի արագացված եւ բռնի ներդրման իրենց քաղաքականությունը, որը ջավախահայության դժգոհության հիմնական աղբյուրներից մեկն է: 2010թ. զեկույցում չեն շտկվել շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործին վերաբերող անճշտությունները: Միեւնույն ժամանակ, որպես դրական երեւույթ, պետք է արձանագրել, որ նոր զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը զետեղել է հայկական կողմի ծանրակշիռ փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալյանը բանտարկվել է ջավախահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով: Համեմատելով զեկույցի Վրաստանին վերաբերող հատվածը տարածաշրջանի այլ երկրներին վերաբերող մասերի հետ, կարելի է արձանագրել, որ նշելով Վրաստանում արդար դատավարության բացակայության, իշխանությունների կողմից դատական համակարգի վերահսկողության եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդման երեւույթների մասին, երեւույթներ, որոնցից տուժում են նաեւ ջավախահայերը, ԱՄՆ պետքարտուղարությունն այնուամենայնիվ խուսափում է դրանց համարժեք գնահատականներ տալ` Վրաստանի հանդեպ կիրառելով երկակի չափանիշներ: ԱՄՆ` որպես Վրաստանի հիմնական գործընկերներից մեկը, իրենց զեկույցում չլուսաբանելով Վրաստանում մարդու եւ ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքների ոտնահարման հիմնական փաստերը, ըստ էության արտոնում են Սաակաշվիլու վարչակարգին շարունակել իր խտրական քաղաքականությունը: Դրանով ԱՄՆ իշխանությունները «արջի ծառայություն» են մատուցում Վրաստանին, քանի որ վրաց իշխանությունների ներկա գործելաոճը օրեցօր ավելացնում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում նաեւ` ջավախահայերի դժգոհությունը: Ելնելով վերոնշյալից` Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին իրենց զեկույցներում առավել անաչառ կերպով ներկայացնել Վրաստանի հայ բնակչության խնդիրները, ինչպես նաեւ ակտիվացնել ջանքերը մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»: 2011թ. ապրիլի 18, Ախալքալաք-Երեւան
Նոյյան տապան  -   Իրավունք