Հայաստանի օմբուդսմանը ընտրվել է Միջերկրական Օմբուդսմանների<br /> Միավորման անդամ<br />


Հայաստանի օմբուդսմանը ընտրվել է Միջերկրական Օմբուդսմանների
Միավորման անդամ

  • 16-06-2010 16:40:00   | Իսպանիա  |  Իրավունք

ՄԱԴՐԻԴ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 15-ին Մադրիդում տեղի ունեցած Միջերկրական Օմբուդսմանների Միավորման ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ընտրվել է Միավորման լիարժեք անդամ: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Թուրքիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջարկությունը` մշակել եւ հրապարակել հատուկ հայտարարություն Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման, ինչպես նաեւ Իսրայելի զինված ուժերի եւ Թուրքական նավատորմի միջեւ տեղի ունեցած բախման վերաբերյալ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր ելույթում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների հիմնական առաքելությունը իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն է, իսկ եթե որոշում կայացվի քննարկել միջպետական խնդիրները, ապա պետք է քննարկել բոլոր տեսակի շրջափակումների խնդիրները, այդ թվում եւ Հայաստանի շրջափակումը` միասնական հայտարարություն մշակելու նպատակով: Իսրայելի օմբուդսմանը առաջարկել է ընդհանրապես չանդրադառնալ նշված խնդրին, քանի որ այդ հարցի քննարկման համար ստեղծվում է միջազգային հանձնաժողով: Արդյունքում որոշվել է զերծ մնալ համատեղ հայտարարությունից:
Նոյյան տապան  -   Իրավունք