Նորվեգիան Պատրաստվում Է Հյուսիսային Ծովի Հատակին CO2-Ի Հսկայական Պահեստարան Կառուցել


Նորվեգիան Պատրաստվում Է Հյուսիսային Ծովի Հատակին CO2-Ի Հսկայական Պահեստարան Կառուցել

  • 07-08-2021 13:02:37   | Նորվեգիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ita.am. Նորվեգիայի կառավարությունը 1,7 միլիարդ եվրո կհատկացնի CO2-ի կորզման, փոխադրման և պահեստավորման նախագծի համար: Նախաձեռնության հիմնական գաղափարը ածխաթթու գազի հեռացումը և դրա պահեստավորումն է Հյուսիսային ծովի հատակին՝ նավթի ու գազի սպառված հանքավայրերում: Langskip անվանումը ստացած նախագիծը չի սահմանափակվելու միայն Նորվեգիայի տարածքով, ըստ այդմ, երկրի կառավարությունը տարածաշրջանի պետություններին առաջարկում է միանալ նախագծին։
 
Ջերմոցային գազերի և հատկապես ածխաթթու գազի արտանետումների նվազեցումը կլիմայի փոփոխությունը կանխելու ամենաառաջնային քայլերից մեկն է: Դա կարելի է անել տարբեր եղանակներով՝ որպես հանածո վառելիքի այընտրանք անցում կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրների, դիզելային վառելիքով շահագործվող մեքենաները փոխարինել էլեկտրականներով և հրաժարվել սննդի արտադրության ոլորտում ածխածնի արտանետումներ առաջացնող մեթոդներից: Հարկ է նշել, որ CO2-ի արտանետումները գերակշռում են հատկապես ծանր արդյունաբերության ոլորտում, մասնավորապես, ցեմենտի արտադրության մեջ։
 
Ցեմենտի գործարանները պատասխանատու են ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 8%-ի համար, իսկ ծանր արդյունաբերությունը` 20%-ի: Եթե ​​ցեմենտի բոլոր գործարանները լինեին մեկ երկրի տարածքում, ապա դա կլիներ աշխարհում երրորդ խոշոր արտանետողը «երկիրը», որն իր արտանետումների ծավալով կզիջեր միայն Չինաստանին և ԱՄՆ-ին:
 
Ըստ նախագծի հեղինակների, CO2-ի պահեստավորման գործընթացը պետք է սկսել հենց այս օբյեկտներից։ Ածխածնի կուտակումը և պահեստավորումը կարող է չեզոքացնել գործարանների կողմից շրջակա միջավայրին հասցված վնասը, սակայն այս գործընթացը լուրջ ներդրումներ (որը Նորվեգիան միայնակ չի կարող), և համապատասխան երկրաբանական պայմաններ է պահանջում, որը Նորվեգիայի տարածքում առկա է։ Ըստ փորձագետների, նախատեսվող ստորջրյա երկրաբանական կազմավորումների մեջ կարող է պահեստավորվել հսկայական ծավալով (միլիարդավոր տոննաներ) CO2, որոնք Հյուսիսային ծովի հատակին կարող են թաղված մնալ հարյուրավոր տարիներ։
 
Հաղորդվում է, որ նախագծով արդեն հետաքրքրված է 60 ընկերություն և CO2-ի առաջին կորզումը տեղի կունենա Բրևիկ քաղաքում գտնվող Norcem ցեմենտի գործարանում: Նախատեսվում է CO2-ը Բրևիկից նավով տեղափոխել Հորդալանի (Նորվեգիայի մարզերից մեկը) կայան, ապա խողովակաշարով 2600 մետր դեպի ծովի հատակը։
 
Երկրի կառավարությունը հույս ունի, որ այս նախաձեռնությունը ոչ միայն կօգնի դանդաղեցնել գլոբալ տաքացումը, այլև հազարավոր նոր աշխատատեղեր կստեղծի Նորվեգիայում:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ