ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում գործադրել բոլոր<br /> հնարավոր ջանքերը երեխաների բարեկեցության, երջանկության եւ<br /> առժանապատիվ կյանքի ապահովման համար<br />


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում գործադրել բոլոր
հնարավոր ջանքերը երեխաների բարեկեցության, երջանկության եւ
առժանապատիվ կյանքի ապահովման համար

  • 31-05-2010 20:00:00   | Հայաստան  |  Իրավունք

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւս մեկ անգամ կոչ է անում իրավասու պետական մարմիններին եւ ողջ հանրությանը գործադրել բոլոր հնարավոր ջանքերը երեխաների բարեկեցության, երջանկության եւ առժանապատիվ կյանքի ապահովման համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Նշվում է, որ երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում, ինչպես նաեւ տարեկան զեկույցներում ներկայացվում են ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության հիմնական խնդիրները, ինչպես նաեւ առաջարկվում են դրանց լուծման եղանակները: Շարունակական բնույթ են կրում Պաշտպանի եւ նրա աշխատակազմի աշխատակիցների այցելությունները մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ եւ երեխաների խնամքի այլ հաստատություններ: Տեղեկանք. 1925 թվականին Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որով հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ.-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը եւ 1989թ.-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով ըստ էության երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ.-ին, որից հետո ընդունվեց 1996թ.-ի «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Նոյյան տապան  -   Իրավունք