Վերլուծություններ Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունների շուրջ


Վերլուծություններ Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունների շուրջ

  • 19-05-2010 16:40:00   | Հայաստան  |  Վերլուծություն
Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունները 2008թ. օգոստոսին վրաց-ռուսական հնգօրյա պատերազմից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունում լուրջ տեղաշարժեր տեղի ունեցան: Հաշվի առնելով Թուրքիայի նախաձեռնությունները Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում, հարեւանների հետ ,զրո խնդիրներե ունենալու արտաքին քաղաքական առաջնայնությունը, Իսրայելի հետ հարաբերությունների լարումը, կարելի է եզրակացնել, թե Թուրքիան փոխում է արտաքին քաղաքական գիծը եւ շարժվում Արեւելք: Երբ 2003թ. Թուրքիայում իշխանության եկան իսլամիստները` ի դեմս Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP), Թուրքիան որդեգրեց ,զրո խնդիրներ հարեւանների հետե բանաձեւը. արտաքին քաղաքական ուղղություն, որի կնքահայրը Թուրքիայի ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն է: Թերեւս 2002թ. ոչ ոք չէր պատկերացնում, թե հարեւանների հետ ոչ մի խնդիր չունենալու իսլամիստների ցանկությունն այդքան հեռուն կհասնի: Այդ քաղաքականության արդյունքում Թուրքիան, ըստ էության, զգալիորեն կարգավորեց հարաբերություններն անմիջական հարեւանների` Հունաստանի, Սիրիայի, Իրաքի եւ Իրանի հետ: Ակտիվորեն ներքաշվեց Մերձավոր Արեւելքի հակամարտություններում միջնորդի դեր ստանձնելու նախաձեռնությունների մեջ: Անկարան ձեռք բերեց ողջ իսլամական աշխարհի վստահությունը` քննադատելով Իսրայելին Գազայում կատարած գործողությունների համար: 2009թ. հոկտեմբերին Անկարան թույլ չտվեց Իսրայելին մասնակցել Թուրքիայում ՆԱՏՕ զինավարժություններին` ի նշան Գազայի ռմբակոծությունների դեմ բողոքի: Ավելին, Թուրքիան հայտարարեց, որ մոտ ապագայում համատեղ ռազմական զորավարժություններ կանցկացնի Սիրիայի հետ: Այսօր Անկարան ոչ միայն կարգավորում, այլեւ, ըստ էության, ռազմավարական հարաբերություններ է կառուցում Դամասկոսի հետ: Այս ամենով հանդերձ, սակայն, Թուրքիան չի հրաժարվում Սիրիայի եւ Իսրայելի միջեւ միջնորդի դերը շարունակելու ցանկությունից: Թուրքիան որակապես այլ մակարդակ տեղափոխեց հարաբերություններն Իրանի հետ: 2009թ. հոկտեմբերին` Թեհրան մեկնելուց առաջ, բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում, Էրդողանը պաշտպանեց Իրանի միջուկային ծրագիրը եւ Արեւմուտքին մեղադրեց Իրանի հանդեպ երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառելու մեջ: Այս ամենից հետո բազմաթիվ վերլուծաբաններ սկսեցին խոսել ոչ միայն Թուրքիայի` արեւմտամետ քաղաքական ուղեգիծը փոխելու, այլեւ ՆԱՏՕ-ից հեռանալու հնարավորության մասին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Անկարան ռազմավարական հարաբերություններ հաստատեց նաեւ Մոսկվայի հետ: Հստակորեն կարող ենք նշել, որ Թուրքիան վերջին շրջանում արտաքին քաղաքական ակտիվությունը շրջել է դեպի հարեւան երկրները: Այս փոփոխության պատճառներից է երկրում աճող դժգոհությունը ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների` Գազայի հատվածի եւ Իրանի հանդեպ քաղաքականության նկատմամբ: Բացի այդ, այս ամենը պայմանավորված է նաեւ ,իսլամական վերածննդովե, որն այժմ նկատվում է Թուրքիայում: Եթե Թուրքիան շարունակի նույն ուղով ընթանալ, այս ամենը կարող է լուրջ ռազմավարական նշանակություն ունենալ տարածաշրջանի համար, քանի որ այս երկիրը կարող է հակակշիռ դառնալ Իրանին: Լարվածությունը թուրք-իսրայելյան հարաբերություններում Իսրայել-Թուրքիա հարաբերությունները լուրջ փորձությունների առջեւ կանգնեցին Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքները 2008թ. վերջին սկսված եւ 22 օր տեւած ռմբահարումների հետեւանքով: Լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտեց Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունը` այն որակելով ցեղասպանություն: Թուրք-իսրայելյան հարաբերությունները խիստ լարվեցին 2009թ. հունվարի 30-ին Դավոսում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի ,Գազան` մոդել Միջին Արեւելքի համարե խորհրդաժողովից հետո: Ուղիղ եթերում Էրդողանը մեղադրանքներ ուղղեց Իսրայելի հասցեին: Բացի այդ, Թուրքիայի վարչապետը հանդիմանել էր Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին` նշելով. «քո արարքը բխում է հանցագործի հոգեբանությունից, եւ իսրայելցիներդ սպանել լավ գիտեք»: Վարչապետ Էրդողանի խոսքերին անմիջապես արձագանքեցին Իսրայելն ու ԱՄՆ հրեական կազմակերպությունները: Ակնկալվում էր, որ վարչապետ Էրդողանն, այնուամենայնիվ, հետքայլ կկատարի, սակայն դա տեղի չունեցավ: Էրդողանի ելույթը դրվատեցին պաղեստինյան ,Համասե արմատական շարժման ներկայացուցիչները, իսկ թուրքերն օդանավակայանում իրենց վարչապետին դիմավորել էին որպես ազգային հերոսի: Թուրք-իսրայելյան հարաբերությունները մինչ օրս շարունակում են բավական լարված մնալ, թեեւ երկու երկրների ղեկավարներն էլ ժամանակ առ ժամանակ հարաբերությունները բարելավելու քայլեր են ձեռնարկում: Միեւնույն ժամանակ, Իսրայելը մտավախություն է հայտնել, որ Թուրքիայում իշխանության եկած իսլամիստական կուսակցությունը կարողացել է ճնշել բանակի դիմադրությունը, եւ Թուրքիայի ու Իսրայելի միջեւ ավանդական ռազմավարական համագործակցությունը մոտեցել է վերջին: Ավելին, իսրայելյան լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիան անչափ մոտ է Իրանի հետ դաշինքի ստեղծմանը, սա, ըստ իսրայելցիների, հաստատում են նաեւ Հայաստանի հետ վերջերս ստորագրած համաձայնագրերը: Ամրապնդվում են Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ, եւ Իսրայելին շատ է մտահոգում Անկարա-Դամասկոս-Թեհրան դաշինքի ձեւավորումը, քանի որ կարող է լրջորեն վտանգել Իսրայելի անվտանգությանը: Իրենց հերթին, իսրայելյան լրատվամիջոցներն ավելի հաճախ սկսեցին հայտարարել, որ ռազմավարական կապերը Թուրքիայի հետ կարծես ,ավարտվելե են: Անկարա-Թեհրան եւ Անկարա-Դամասկոս համագործակցությունը` սպառնալիք Իսրայելի համար Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները, թեեւ ավանդաբար մրցակցային եւ հակամարտող բնույթ են կրել, այնուամենայնիվ, Թուրքիայի ներկայիս ղեկավարող վարչակարգը` վարչապետ Էրդողանի գլխավորությամբ, էական հաջողության է հասել Իրանի հետ համագործակցության եւ հարաբերությունների բարելավման հարցում: Մասնավորապես, բավական ինտենսիվորեն զարգանում են թուրք-իրանյան տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները: Դրա ապացույցն է 2009թ. հոկտեմբերին Թուրքիայի արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգունի հայտարարությունը, թե Թուրքիան եւ Իրանը պատրաստվում են ստեղծել միացյալ ազատ առեւտրի գոտի, որին կարող են միանալ նաեւ Հայաստանն ու Սիրիան: Թուրք նախարարի խոսքերով. ,Թուրքական Իգդիր քաղաքի մերձակայքը կլինի այն տարածքը, որտեղ երկու երկրների ընկերությունները կարող են ազատ ռեժիմով վաճառել նավթամթերքներ, էլեկտրաէներգիա, տեխնիկական սարքավորումներ եւ այլն: Վելոհիշյալ նախագծի կապակցությամբ Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Հոսեինպուրան Թուրքիայի ներքին առեւտրի նախարար Զաֆեր Չագլեյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ այս նախագծի նպատակն է ընդլայնել երկու երկրների միջեւ բեռնափոխադրումը: Դեսպանի խոսքերով` Իրանն ու Թուրքիան նախատեսում են մեծացնել երկկողմ ապրանքափոխանակությունն առաջիկա հինգ տարիներին. այն 2008թ. կազմել է $10 մլրդ: Թեհրանն ու Անկարան ուզում են նաեւ հանել ոչ ցամաքային փոխադրումների բոլոր արգելքները: Միաժամանակ ակտիվորեն քննարկվում է նաեւ Թուրքիա-Իրան-Իրաք առեւտրատնտեսական գոտու ստեղծման գաղափարը, որի առնչությամբ Թուրքիայի արդյունաբերության նախարար Էրգունը դեռեւս սույն թվականի սեպտեմբերին հայտարարել էր, որ այն կարող է դառնալ Մերձավոր Արեւելքի խոշորագույն տնտեսական բազան, ընդ որում` նշելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են միանալ այդ նախագծին: Թուրք-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով 2009թ. մարտին Իրանը եւ Թուքիան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով համաձայնեցին համագործակցել օդային, ծովային եւ ցամաքային փոխադրումների ոլորտում` ցանկանալով կրկնապատկել ապրանքաշրջանառությունը` $10 մլրդ-ից 2011թ. հասցնելով $20 մլրդ-ի (ներկայումս Թուրքիայի արտահանումը Իրան տարեկան կազմում է մոտ $1,87 մլրդ, իսկ ներմուծումը` 7,84 մլրդ, որտեղ գերակշռում է էներգակիրների ներմուծումը): Այս համատեքստում հիշատակման է արժանի այն, որ 2009թ. դեկտեմբերին Թուրքիայի տնտեսական կցորդ Ահմադ Նուրին հայտարարեց, թե Թուրքիան Իրանից օրական ստանում է 18 մլն մ3 գազ, ինչի արդյունքում Իրանը դարձել է Թուրքիային երկրորդ ամենախոշոր գազ տրամադրողը` Ռուսաստանից հետո: 2009թ. դեկտեմբերին BBC-ին հրատարակեց Իրանի միջազգային առեւտրային արժեքների մասին տեղեկություն, ըստ որի` 2009թ. հունիսի դրությամբ Թուրքիան ներմուծման եւ արտահանման 5,6%-ով Իրանի առեւտրային գործընկերների շարքում 5–րդ տեղում էր` հետեւելով ԵՄ-ին, Չինաստանին, Ճապոնիային եւ Հարավային Կորեային: Թուրք-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում մեծ կարեւորություն ստացավ 2009թ. հոկտեմբերի 27-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցելությունը Իրան, որի ընթացքում Էրդողանը հանդիպել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Խամենեիի եւ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ: Թուրքիայի վարչապետի` Իրան կատարած այցը նշանավորվեց էներգետիկ պայմանագրի ստորագրմամբ: Շուրջ երկուսուկես տարի սեղանին դրված բնական գազի պայմանագիրը վերջապես ստորագրվեց: Համաձայն այդ փաստաթղթի` Թուրքիան, ի դեմս թուրքական TPAO ընկերության, հնարավորություն է ստանում ,Հարավային ֆարսե ավազանից գազ արդյունահանել: Այդ գազի պաշարի մի մասը նախատեսված է ուղարկել ,Նաբուկոե-ին: Թուրքական աղբյուրները թուրք-իրանական այդ պայմանագիրը համարել են պատմական: Պայմանագիրը երեք առանցքային կետ է բովանդակում. «Հարավային ֆարս» ավազանի բնական գազի որոշ հանքավայրեր հատկացվելու են Թուրքական TPAO-ին: Իրանական գազը Թուրքիայով արտահանվելու է եվրոպական շուկա: Թուրքմենական գազն Իրանով մատակարարվելու է Թուրքիա: Մինչ Իրան ժամանելը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել էր Պակիստան: Այդ այցելությունն Անկարան պայմանավորում էր Իրան-Պակիստան լարվածությունը մեղմելու համար Թուրքիայի ստանձնած միջնորդական առաքելությամբ: Իսլամաբադում Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե թույլ չի տա, որ Իրանի ու Պակիստանի միջեւ հարաբերություններում առկա ճգնաժամը խորանա: Նա Իրանը որակել է որպես Թուրքիայի ընկեր եւ ընդգծել Արեւմուտքի ,ոչ օբյեկտիվ հարաբերություննե իրանական միջուկային ուսումնասիրությունների նկատմամբ: Ըստ Թուրքիայի վարչապետի, դա խաղաղ բնույթ ունի: Թուրքիայի միջնորդությանը Իրան-Պակիստան հարաբերություններում նախորդել էր միջնորդական մեկ այլ առաքելություն Սիրիա-Իրաք լարվածության առումով, եւ թուրքական նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել: Այս համատեքստում ուշագրավ էր այն փաստը, որ Թուրքիայի միջնորդությամբ Ստամբուլում տեղի էին ունեցել Իսրայել-Սիրիա գաղտնի բանակցությունները: Թեեւ Իսրայելը մերժել էր ,Համասիե հարցում միջնորդի դեր կատարելու Թուրքիայի առաջարկը, սակայն վերջինը միջնորդական առաքելությամբ հանդես գալու պատրաստակամություն է ցուցաբերում պաղեստինյան երկու կազմակերպությունների` ,Ֆաթհիե եւ ,Համասիե հակասությունները հարթելու համար: Չի բացառվում, որ պաղեստինյան այս կազմակերպություններն ընդունեն Թուրքիայի առաջարկը: Այդ դեպքում արդեն իրատեսական կդառնա նրա միջնորդությունը Պաղեստն-Իսրայել հակամարտությունում: Դա կնպաստի տարածաշրջանում Թուրքիայի աննախադեպ ակտիվացմանն ու միջազգային հեղինակության աճին: Թուրք-իրանական հարաբերությունների ջերմացման ֆոնին տպավորիչ էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունը, որ Եվրամիությունը պետք է խնդրի Թուրքիային դառնալ այդ կառույցի անդամ: Իրանի նախագահի կարծիքով` աշխարհում նոր պայմաններ եւ նոր միջավայր է առաջացել, եւ սկսվել է մարդասիրության, մշակույթի եւ բարոյականության նոր դարաշրջան: Նրա խոսքերով` հնագույն մշակույթ ու քաղաքակրթություն ունեցող պետությունները, ինչպիսին Թուրքիան եւ Իրանն են, պետք է զարգանան այս փուլում: Վերջին ժամանակներս էականորեն զարգանում են ոչ միայն թուրք-իրանական առեւտրատնտեսական, այլեւ քաղաքական հարաբերությունները: Մասնավորապես, 2008թ. օգոստոսին Իրանի նախագահ Ահմադինեժադի` Թուրքիա կատարած պաշտոնական այցից հետո Թուրքիան եւ Իրանը սկսեցին ձեւավորել նոր քաղաքական հարաբերություններ: Այցի ընթացքում երկու երկրները ստորագրեցին անվտանգության, համագործակցության, փոխըմբռնման 5 հուշագիր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ կրթության ոլորտներում: Թուրք-իրանական հարաբերությունների զարգացման մասին են վկայում վերջին ամիսներին թուրք-իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցելությունները: Այս շրջանակներում մեծ կարեւորություն էր ներկայացնում 2009թ. նոյեմբերի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, քանի որ Դավութօղլուն Իրան է մեկնել միջուկային ծրագրի շուրջ վարվող Իրան-Արեւմուտք բանակցություններում ծագած ճգնաժամի պայմաններում: Իրանի նախագահ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ հարցեր եւ տնտեսական հարաբերությունները տարածաշրջանում: Ահմադինեժադ-Դավութօղլու հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ երկու պետություններն էլ գտնվում են համաշխարհային կարեւորության առեւտրային ճանապարհների վրա: Մասնավորապես, Իրանով եւ Թուրքիայով են անցնում Բանդար Աբաս-Տրապիզոն եւ Չինաստան-Եվրոպա հանգուցային մայրուղիները: Կողմերը եկել են ընդհանուր համաձայնության` Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը մինչեւ $30 մլրդ-ի հասցնելու շուրջ: Շեշտվել է այն հանգամանքը, որ թուրք-իրանական հարաբերությունները շարունակվելու են զարգանալ, եւ ոչ մի պետություն չի կարող խոչընդոտել այդ գործընթացին: Թուրք-իրանական համագործակցության լավագույն օրինակներից են 2009թ. դեկտեմբերին Թուրքիայի զինված ուժերի եւ իրանական բանակի համատեղ գործողությունները Թուրքիայի Մարդին եւ Շրնաք նահանգներում, որի արդյունքում սպանվել էին Քրդական բանվորական կուսակցության (PKK) 9 զինյալներ: Սպանված զինյալների մեջ եղել են եւ PKK-ի Մարդինի պատասխանատու` Ռուստում ծածկանունով Օմեր Մուսլումը եւ Շրնաքի պատասխանատու` Ջուդի ծածկանունով Ռեշադ Չիչեքը: Ըստ էության, թուրք-իրանական տնտեսական համագործակցությունը որակական նոր մակարդակ է թեւակոխում: Եթե ներկայումս Իրանի ու Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը հասնում է $12 մլրդ-ի, ապա երկու տերությունները նախատեսում են այն ավելացնել` հասցնելով 30 մլրդ-ի: Լուրջ տեղաշարժ է նկատվում երկկողմ քաղաքական հարաբերություններում: Եթե հաշվի առնենք նաեւ թուրք-սիրիական հարաբերություններում վերջին ժամանակներս նկատվող էական բարելավումը եւ Թուրքիայի ու Սիրիայի իշխանությունների ձգտումները` հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա խոչընդոտները, ուստի բավական իրատեսական է Իսրայելի մտահոգությունը Անկարա-Դամասկոս-Թեհրան դաշինքի ձեւավորման հնարավորության հեռանկարների շուրջ, քանի որ այն կարող է լրջորեն վտանգել Իսրայելի անվտանգությունը: Իսրայելի մտահոգություններն էլ ավելի խորացան, երբ 2009թ. դեկտեմբերին ի հայտ եկան Թուրքիայի ու Սիրիայի միջեւ ճգնաժամ առաջացնող ջրի խնդրի վերջնական լուծման մասին լուրերը, համաձայն որի` երկու երկրների միջեւ կնքվել էր Սիրիայի Տիգրիս գետից ջրօգտագործման եւ Ասի գետի վրա համատեղ արգելափակոց կառուցելու մասին պայմանագիր: Հարկ է նշել, որ թեեւ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ առկա են բազմաթիվ լուրջ խնդիրներ, այնուամենայնիվ, 2003թ. թուրք-սիրիական հարաբերությունները թեւակոխվեցին որակական նոր փուլ, երբ Թուրքիայում իշխանության եկավ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնավորապես, Սիրիայի իշխանությունները Թուրքիան սկսեցին դիտարկել որպես նոր բարեկամ երկիր, երբ Էրդողանը 2004թ. մերժեց Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի` Իսրայել այցելության հրավերը, իսկ 2004թ. դեկտեմբերին այցելեց Դամասկոս: Բացի այդ, Էրդողանը ոչ միայն չմասնակցեց 2005թ. փետրվարին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի դեմ իրականացված մահափորձից հետո ԱՄՆ գլխավորությամբ հակասիրիական արշավին, այլեւ 2005թ. մայիսին թուրքական պատվիրակություն ուղարկեց Դամասկոս, որի անդամները Սիրիայի խորհրդարանի դարպասների առջեւ մամլո ասուլիս տվեցին` իրենց աջակցությունը հայտնելով Սիրիային: Զարգանում են նաեւ թուրք-սիրիական առեւտրատնտեսական հարաբերությունները. 2008թ. երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է $2,5 մլրդ: Թուրք-սիրիական հարաբերություններն աննախադեպ սերտացան 2009թ. դեկտեմբերի վերջին ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սիրիա կատարած այցելությունից հետո: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետն ասել էր. ,Սիրիան մեզ համար ոչ միայն 20 միլիոնանոց բնակչությամբ շուկա է, այլեւ դարպաս դեպի 320 միլիոնանոց Մերձավոր Արեւելքի շուկաե: Էրդողանը նաեւ նշել էր, որ թուրքական բանկերը պատրաստվում են մասնաճյուղեր բացել Սիրիայում: Բացի այդ, Թուրքիան եւ Սիրիան ստորագրել են ազատ առեւտրի պայմանագիր եւ փոխադարձաբար հանել մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմը, ինչպես նաեւ կնքել են տարբեր ոլորտներին առնչվող 50 պայմանագիր: Կարող ենք եզրակացնել, որ Թուրքիայի ռազմավարությունը կապված է Մերձավոր Արեւելքի արաբական երկրներին աջակցելու եւ իրեն` որպես Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ միջնորդ ներկայացնելու հետ: Մերձավոր Արեւելքը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար որպես ապրանքների արտահանման շուկա եւ էներգակիրների աղբյուր: Կարեւոր նշանակություն ունեին նաեւ աշխարհում Իսրայելի հեղինակության ընդհանուր անկումը, Թուրքիայի ներսում հակաիսրայելյան տրամադրությունների աճը: Թուրքիայի գործողությունները Մերձավոր Արեւելքում նրա դերակատարության բարձացմանն ուղղված ռազմավարության մասնիկն են: Արաբա-իսրայելյան շարունակվող հակամարտության պայմաններում տարածաշրջանում լիդերության հավակնելն անհնար է առանց հակաիսրայելյան քաղաքականության: Թեեւ ներկայումս թուրք-իսրայելյան հարաբերություններում առկա է մեծ լարվածություն, այնուամենայնիվ, Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ գոյություն ունի ռազմական, առեւտրատնտեսական, աշխարհաքաղաքական եւ ռազմավարական սերտ համագործակցություն, որի ֆոնին կասկածելի է Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում առկա լարվածության լրջությունը: Կարելի է եզրակացնել, որ այս սրումը կարող է շուտով ավարտվել հերթական հաշտեցումով: Արման Եղիազարյան, Գրիգոր Արշակյան «Նորավանք»
Նոյյան տապան  -   Վերլուծություն