Լիբանանում նշվեց ցեղասպանությունից մազապուրծ բամաթիվ<br /> որբերի Մայրիկի` Մարիա Ջակոբսոնի մահվան տարելիցը<br />


Լիբանանում նշվեց ցեղասպանությունից մազապուրծ բամաթիվ
որբերի Մայրիկի` Մարիա Ջակոբսոնի մահվան տարելիցը

  • 18-05-2010 17:30:00   | Լիբանան  |  Հասարակություն
ԲԵՅՐՈՒԹ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 6-ին Լիբանանում նշվեց «Թռչնի բույն» (Birds' Nest) հայկական որբանոցի հիմնադիր, դանիացի միսիոներուհի Մարիա Ջակոբսոնի մահվան 50-րդ տարելիցը: «Թռչնի բույն»-ը գոյություն ունի շուրջ 90 տարի: Որբանոցի պատմությունը հայոց պատմության անբաժանելի մասն է կազմում, քանի որ այն օգնել է ցեղասպանությունից փրկվածներին եւ դաստիարակել հազարավոր հայերի, ովքեր այժմ սփռված են աշխարհով մեկ: Birds' Nest-ի պատմությունը սկսվել է Մերձավոր Արեւելքի ամերիկյան օգնության կազմակերպությունից, որը հիմնվել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որպեսզի մեղմացնի հայ ժողովրդի տառապանքը Օսմանյան Կայսրության կողմից կատարած ցեղասպանությունից: Շուրջ 4000 որբեր, որոնց ծնողները սպանվել էին, Օսմանյան Կայսրությունից բերվել էին Birds' Nest որբանոց, որը գտնվում էր Լիբանանում: Հետագայում որբանոցը հանձնվել էր դանիացի միսիոներ Մարիա Ջակոբսոնին, ով ազատ խոսում էր հայերեն եւ սկսել էր աշխատել հայ որբերի հետ 18 տարեկանից ի վեր` նվիրելով նրանց իր կյանքը մինչեւ մահ: Հանգուցյալ առաքելուհին 18 տարեկան էր, երբ լքելով իր հայրենիքը` Դանիան, մեկնել էր Խարբերդ` օգնության ձեռք մեկնելու ջարդերի ենթարկված հայ ժողովրդին եւ հավաքելով նրա որբացած զավակներին` տեղափոխել եւ տեղավորել էր որբանոցներում, ի վերջո հաստատվելով Ժիպէյլում, որտեղ հիմնված էր «Թռչնի Բույն» որբանոցը: Արիասիրտ միսիոնարուհին մինչեւ իր կյանքի վերջը մնաց այս հաստատությունում: Հետագայում նա անգամ մերժեց թաղվել իր հայրենիքում, մնալով «Թռչնի Բույն»ի հավերժական բնակիչը: Յուրաքանչյուր հայ, ով 1928-1960 թթ. եղել է այդ որբանոցում, կոչում էր նրան «Մայրիկ», քանի որ նա իր վրա պարտականություն էր վերցրել մայրություն անել հազարավոր երեխաներին: 1970թ.-ին Birds' Nest հաստատությունը հանձնվել էր Կիլիկիայի հակական եկեղեցուն, որպեսզի այն շարունակի իր առաքելությունը` հոգ տանելով հայ երեխաներին, ովքեր տան կարիք ունեն: Սկզբում երեխաների թիվը Birds' Nest-ում հասնում էի 4000, իսկ այժմ այնտեղ ապրում է 36 երեխա: Ցեղասպանությունից մազապուրծ բամաթիվ երեխաների Մայրիկի` Մարիա Ջակոբսոնի հիշատակի օրը նշվեց Լիբանանում Մայրերի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է Ռադիո Վատիկանը, «Թռչնի Բույնի» Տիկնանց հանձնախումբը տարին մեկ անգամ կազմակերպում է ճաշկերույթ, որին հրավիրում է լիբանանահայ բարեգործական միությունների, եկեղեցասիրաց տիկնանց վարչությունների, ԼՕԽ-ի մասնաճյուղերի վարչությունների ու Բեյրութի հայաշատ թաղամաս Պուրճ Համուտի քաղաքապետարանի ներկայացուցիչներին Մայրերի օրվա կապակցությամբ: Այս տարի այդ տոնը տեղի ունեցավ «Թռչնի Բույնի» սրահում, ուր հիշվեց նաեւ Մարիա Ջակոբսոնին` դանիացի միսիոներ-առաքելուհու, մահվան 50-րդ տարելիցը: «Թռչնոց Բույնի» «թռչնիկները» 300-ից ավելի ներկաների համար պատրաստել էին գեղարվեստական ծրագիր` երգ, պար եւ արտասանություններ: Ճաշկերույթի ընթացքում ելույթ ունեցան երգչուհի Անայիս Նանեճեան-Կետիկեանը, երգիչ Գէորգ Պեպեճեանը, ասմունքող Մակի Մկրտիչեանը: Ներկաները կատարեցին սրտաբուխ նվիրատվությններ` հօգուտ «Թռչնի Բույնի»: Հայր Գրիգոր Ծ վարդապետ Չիֆթճեանն իր պատգամն ուղղեց բոլոր մայրերին, ընդգծելով հայ մայրերի նվիրումն ու զոհաբերությունը: Ապա նա ոգեկոչեց Մարիա Ջակոբսոնի հիշատակը:
Նոյյան տապան  -   Հասարակություն