Նախագահը կնոջ հետ այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան


Նախագահը կնոջ հետ այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան

  • 17-12-2021 17:57:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը շրջել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներում, ծանոթացել մասնավորապես՝ փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներին:
 
Նախագահ Սարգսյանը կարևորել է թանգարանի դերը նյութական և ոչ նյութական ժառանգության արժեքների պահպանման, շարունակականության ապահովման ու հասարակության շրջանում հայ ժողովրդական արվեստի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու գործում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անելիքները հատկապես շատ են միջազգային հարթակներում հայկական արվեստի նմուշների հանրահռչակման և հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում, այդ առումով կարևորել պետական շարունակական աջակցությունը:
 
Թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը նախագահ Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին է ներկայացրել իրականացվող կրթական ծրագրերը, որի շրջանակում մասնավորապես մանկատների սաներին, ծերանոցների շահառուներին և վիրավոր զինվորներին սովորեցնում են արհեստներ: Նախագահ Սարգսյանն առաջարկել է Հանրապետության նախագահի նստավայրում կազմակերպել ծրագրի մասնակիցների լավագույն աշխատանքների ցուցադրություն: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն