Տարածաշրջանին սպառնացող աշխարհաքաղաքական վտանգներն ու Հայաստանի հնարավոր մարտահրավերները


Տարածաշրջանին սպառնացող աշխարհաքաղաքական վտանգներն ու Հայաստանի հնարավոր մարտահրավերները

  • 20-12-2021 16:17:23   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է

«Միաժամանակ մի քանի հեղինակավոր վերլուծական կենտրոնների գնահատականների համաձայն՝ մերօրյա աշխարհի ամենապայթյունավտանգ 3 հիմնախնդիրներն են Ուկրաինայի, Իրանի և Թայվանի շուրջ ձևավորված հակամարտային իրավիճակները։
 
Չնայած բոլոր երեքի պարագայում էլ իրականացվող ահռելի դիվանագիտական ջանքերին, այնուամենայնիվ, դրանց լիարժեք վերահսկելիության սանդղակը նվազագույն մակարդակում է՝ հաշվի առնելով բավականաչափ խայտաբղետ հակոտնյա շահերն ու ոչ լիարժեքորեն կառավարվող դերակատարների առկայությունը։ 
 
Վերոնշյալի համատեքստում ինչն է կարևոր Հայաստանի տեսանկյունից։ Նշված հիմնախնդիրներից առնվազն առաջին երկուսի ակտիվացումն ուղիղ անդրադարձ է ունենալու Հայաստանի վրա։
 
1. Ուկրաինական հակամարտության ակտիվացման պարագայում (բացի այդ տարածաշրջանում մեր հայրենակիցներին սպառնացող ուղիղ անվտանգային և մարդասիրական վտանգից) Ռուսաստանն իր առավելագույն ներուժը կենտրոնացնելու է այդ ուղղությամբ՝ գուցե նաև երկրորդական պլան մղելով Հարավային Կովկասը։
 
Հետևաբար նման պատեհ աշխարհաքաղաքական իրավիճակի սպասող Թուրքիան ու Ադրբեջանն առանց ավելորդ երկմտանքի փորձելու են ավարտին հասցնել Հարավային Կովկասում դեռևս չլուծած հարցերը՝  այդ թվում՝ Արցախի տարածքի մնացած հատվածի, նաև Սյունիքով անվտանգ միջանցքի խնդիրները։
 
2. Իսրայելի և Արևմուտքի կողմից Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծման ռազմական սցենարը մեծ հավանականությամբ կարող է առնվազն պայթյունավտանգ դարձնել նաև Իրանի հյուսիսային հատվածը՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքից հակաիրանական գործողությունների մեծ հավանականությունը։ Հայաստանի տեսանկյունից սա կարող է հանգեցնել ոչ միայն լրջագույն մարդասիրական ճգնաժամի, այլև տարածաշրջային պատերազմի՝ դրա երկրների սահմանների փոփոխության հավանականությամբ։
 
Վերոնշյալն առնվազն հպանցիկ անդրադարձ է այս տարածաշրջանում Երևանի վերահսկելիության շրջանակներից դուրս հնարավոր զարգացումների, որոնց դեպքում գործողությունների տարբեր սցենարները ՀՀ անվտանգային քաղաքականության օրակարգում պետք է լինեն արդեն այսօր»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play