Նախագահի հրաժարականը. անպատասխան հարցեր և հնարավոր «վտանգներ»


Նախագահի հրաժարականը. անպատասխան հարցեր և հնարավոր «վտանգներ»

  • 24-01-2022 17:30:27   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հայաստանի նախագահը հրաժարական է տալիս. կիրակի երեկոյան այս լուրը անակնկալի բերեց Հայաստանի քաղաքացիներին և բազում հարցեր առաջացրեց փորձագիտական դաշտում: Նախագահի հրաժարականի հայտարարությունը շատերը որպես ահազանգ ընկալեցին` փորձելով մեկնաբանել, թե ինչու հենց այս պահին Արմեն Սարգսյանը որոշեց հեռանալ և ինչու այդ մասին հայտարարեց` գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս: 
 
Իշխանության կողմից ՀՀ նախագահի քայլը դեռևս որևէ գնահատականի կամ մեկնաբանության չի արժանացել, թեև չի բացառվում, որ այսօր երեկոյան` ֆեյսբուքում նախատեսված հարցուպատասխանի  ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսի այդ մասին: 
 
Իսկ ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանում վերլուծել են նախագահի հրաժարականը` հնարավոր «վտանգներ» տեսնելով այդ որոշման հիմքում: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որոնք հարված են Հայաստանին և ինքը խուսափում է այդ ամենից։  «Ես վերջին ժամանակահատվածում նախագահի ինստիտուտի գործունեությունը որևիցե կերպ չեմ կարող  համադրել մեր պետականության ամրապնդման և դրա շուրջ ընթացող որևէ գործընթացի հետ, և չեմ կարող ասել, որ ՀՀ նախագահի ինտիտուտը որևէ գործունեություն է ծավալել: Ես ցավում եմ, որ Արմեն Սարգսյանն  իր հրաժարականը տվել է դրսից: Չգիտեմ՝ ինչն է պատճառ եղել: Ինքը կարծես, որևէ առողջական խնդիր չունի, կամ եթե ունի, ինքը պետք է բացատրի դրա մասին: 
 
Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում վերջին տարիների ընթացքում, նաև ՀՀ նախագահի անգործունեության և լուռ համաձայնության արդյունք են։ Ինքն իր կարողություններով ուներ հնարավորություն ուսումնասիրելու մեր Սահմանադրությունն ու իր պարտականությունները կատարել։ Դա նշանակում է՝ կամ նրանք ունեցել են պայմանավորվածություններ ներկայիս կառավարության հետ, կամ կարող է ճնշումներ են եղել, կամ իր պարտականությունները չի կատարել և թերացել է։ Ինչ վերաբերում է  նրա հրաժարական տալուն,  կարող է ներքաղաքական ու աշխարհաքաղաքական պայմաններ լինեն, լինեն նոր փաստաթղթեր, որոնցից ինքը խուսափում է»,- նշել է Օհանյանը։
 
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է ասել է, որ իր համար այդ հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր և, ըստ էության, մեր պետության առջև ծառացած ոչ մի խնդիր չլուծող։ «Ակնհայտ է, որ արդեն նախկին նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված թեկուզ նվազագույն լիազորությունները մեր պետության համար դժվարագույն վիճակներում և ամենակարևոր գործընթացներում չի իրականացրել»,- ասել է նա։
 
Այսօր «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Տիրան Լոքմագյոզյանը, խոսելով Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին, կարծիք հայտնեց, որ նախագահը պետք է վերջին մարդը լիներ, ով կհեռանար իր պաշտոնից` հաշվի առնելով մեր երկրում ստեղված իրավիճակը: 
 
«Տարօրինակ բաներ են կատարվում: Մեր ամենաբարձր պաշտոնակատարը արտասահմանից` Լոնդոնից հայտարարում է, որ հրաժարվում է իր պաշտոնից: Նա այդ նույն բանը կարող էր այստեղ հայտարարել, ասենք, հեռուստատեսությամբ: Քաղաքականության մեջ պատահականություններ չկան, և այս փաստն էլ պատահականություն չէ: Հետաքրքիր է` այս պայմաններում, երբ երկիրը լավ վիճակում չէ, և ինքն էլ հայտարարում է այդ մասին, ինչո՞ւ է թողնում և հեռանում: Արդյո՞ք այն իրավիճակն է, որ «Մավրը իր գործը կատարեց և Մավրը կարող է հեռանալ»: Մեր երկրում վերջինը պետք է նախագահը լիներ, որ որպես նավի կապիտան` կթողներ իր նավը, ու եթե այն խորտակվում է, ինքն էլ հետը կխորտակվեր»,- ասաց փորձագետը:
 
Արմեն Սարգսյանի հրաժարականն այլ դիտանկյունից է ներկայացրել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.  «Նախագահի հրաժարականը մեծ հավանականությամբ կապված է սահմանադրական փոփոխությունների հետ։ Հավանաբար անցում ենք կատարելու կիսանախագահական կառավարման մոդելի (որն իմ կարծիքով Հայաստանի համար ամենաօպտիմալն է ներկա փուլում): Այդ դեպքում նախագահն այսպես թե այնպես հրաժարական պիտի տար։
 
Որպես փորձառու քաղաքական գործիչ` Արմեն Սարգսյանը հավանաբար որոշել է «խաղալ սպիտակներով» եւ իր կամ իր թիմի համար հետագա քաղաքական գործընթացներում տեղ գրավելու հիմքեր ստեղծել։
Բոլոր դեպքերում` նոր քաղաքական իրավիճակ է ձեւավորվել, եւ հետաքրքիր է, թե երեկոյան հարցուպատասխանի ժամանակ այս առնչությամբ ինչ պարզաբանումներ կտա վարչապետը»։
 
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ  մի շարք հարցեր է առաջ քաշել, որոնց պատասխաններն այդպես էլ չստացանք նախագահի հրաժարականի հայտարարությունից. 
 
«Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր. 
- ինչու հիմա տվեց հրաժարական,
- ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,
- ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,
- խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,
- խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի' մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,
- գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել,
- ինչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»,
- եվ վերջապես, ինչու այլեւս «սխալվելու հնարավորություն ազգը չունի», ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։
Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։
Հ.Գ. Արմեն Սարգսյանի հրավերով մի քանի անգամ երկար առանձնազրույցներ ենք ունեցել։ Նաեւ դրանց բովանդակությունից ելնելով կարծում եմ, որ սա պահի տակ, կամ էմոցիոնալ պատճառներով տրված հրաժարական չէ»,- նշել է քաղաքագետը։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play