Մայիսի 1-ին Չինաստանում կմեկնարկի «Շանհայ էքսպո 2010»համաշխարհային ցուցահանդեսը


Մայիսի 1-ին Չինաստանում կմեկնարկի «Շանհայ էքսպո 2010»համաշխարհային ցուցահանդեսը

  • 24-04-2010 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 1-ին Չինաստանում կմեկնարկի «Շանհայ էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսը` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացած ասուլիսում վիրտուալ ձեւով ցուցադրվեց Շանհայում հայկական տաղավարը, որը գտնվում է եվրոպական տաղավարի հատվածում եւ զբաղեցնում է հատկացված 540 քմ-ից 324 քմ-ը: Հայաստանը ցուցահանդեսին կներկայանա «Աշխարհի քաղաք» նախագծով: Վիրտուալ քաղաքում կա 16-18 թաղամաս: «Աշխարհի քաղաք»-ը ծավալվում է Արարատ լեռան առջեւ. գաղափարի խորհուրդն այն է, որ Նոյը ջրհեղեղից հետո Արարատից իջել է ցամաք: Հայկական տաղավարի տարածքում լինելու է նաեւ բիզնես կենտրոն` հագեցած համակարգիչներով եւ հեռուստացույցներով, որտեղ բանակցություններ կվարվեն եւ ցանկացողներին կներկայացվի հայկական ապրանքների ողջ տեսականին: Հայաստանի տաղավարում 6 ամիսների ընթացքում կանցկացվեն «Ծիրանի ծառ», «Ոսկի եւ մետաքս», «Հայաստան` առողջության քաղաք», «Հայաստանը Աֆրիկայի համար», «Վերադարձ ակունքներին» եւ այլ միջոցառումներ: Հայաստանի ազգային օրը ցուցահանդեսում կնշվի սեպտեմբերի 21-ին: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը հայտնեց, որ մայիսի 1-ից «Աշխարհի քաղաք»-ը հասանելի կլինի www.expo.cn կայքում: Ըստ նրա, կազմակերպիչները միայն Հայաստանին թույլատրել են յուրաքանչյուր ամիս թարմացնել «Աշխարհի քաղաք»-ը: «Էքսպոյին չմասնակցելն անթույլատրելի է Հայաստանի համար: Սրա տնտեսական նշանակությունը բավականին հզոր է: 70-100 մլն այցելու է լինելու»,- ասաց Ա. Պետրոսյանը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր 20 կամ 30-րդ այցելուն Հայաստան եկող զբոսաշրջիկ կարող է լինել, իսկ 100-րդը` գործարար, որը կապեր կհաստատի հայ գործարարների հետ: Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցելու համար պետբյուջեից նախատեսված է հատկացնել 500 մլն դրամ (1մլն 250 հազար դոլար) եւ մոտ 650 հազար դոլարի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի չինական կողմը: Ի դեպ, «Շանհայ էքսպո 2009»-ին մասնակցելու համար պետբուջեից հատկացվել էր 77 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն