Հայկ Դեմոյան. Անհրաժեշտ է պատրաստել մշակութային<br /> ցեղասպանության փաստերի համապարփակ փաթեթ եւ ներկայացնել շահագրգիռ<br /> ատյանին<br />


Հայկ Դեմոյան. Անհրաժեշտ է պատրաստել մշակութային
ցեղասպանության փաստերի համապարփակ փաթեթ եւ ներկայացնել շահագրգիռ
ատյանին

  • 20-04-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը Թուրքիայի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության հարցով սոսկ արձանագրումներից անցնի գործողությունների փուլի: Ապրիլի 20-ին Երեւանում «Մշակութային ցեղասպանություն» խորագրի տակ անցկացված միջազգային գիտաժողովում այս մասին հայտարարեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, ժամանակն է, որպեսզի հայաստանցի, սփյուռքահայ եւ արտասահմանցի մասնագետների ջանքերով պատրաստվի փաստերի համապարփակ մի փաթեթ եւ ներկայացվի շահագրգիռ ատյանին: Առավել եւս որ միջազգային պրակտիկայում արդեն իսկ կա Քրեական ատյանի նախադեպային որոշումը, որով նախկին Հարավսլավիայում կանխամտածված ռմբակոծություն իրականացնելու համար կա պատժված անձ: Հայկ Դեմոյանը նշեց, որ Համիդյան, Ադանայի կոտորածները, 1915-22թթ. Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան այսօր էլ շարունակում է հայկական եւ մյուս քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ իրականացնել պետական եւ կանխամտածված ոչնչացման քաղաքականություն` կոպտորեն խախտելով Լոզանի միջազգային պայմանագրով իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Հ.Դեմոյանը հայտնեց, որ այսօր Թուրքիայի տարածքում գործում է պաշտոնապես գրանցված ընկերություն, որի կողմից ընդերքում մետաղ հայտնաբերելու համար արտադրվող սարքերի ուղեցույցում պարզորոշ նշված է. «եթե դուք փորձեք այս մետաղորսիչը օգտագործել գանձեր փնտրելու համար, ուրեմն գանձերը հեշտությամբ կարող եք գտնել քրիստոնեական գերեզմաններում եւ եկեղեցիների պատի տակ»: «Սա ուղեցույց է մշակութային Եղեռն իրագործելու համար»,- նկատեց Հ.Դեմոյանը: Գիտնականը անդրադարձավ նաեւ 1974թ. թուրքական զորքերի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի հետեւանքով հունական եւ հայկական մշակութային ժառանգության, այդ թվում` հայկական հուշարձաններից Մակարավանքի «տխուր վիճակին», հարյուրավոր բյուզանդական փառահեղ տաճարների պղծման, մասնատման, մինչեւ հիմքը ոչնչացնելու կամ բանկի, սրճարանի եւ բաղնիքի վերածելու փաստերին: Թուրքական կողմը, վայելելով անպատժելիությունը, վաճառքի է հանում հունական, բյուզանդական, հայկական, այլ ժողովուրդների մշակութային ժառանգության մաս կազմող եւ հազարամյակների պատմություն ունեցող մշակութային հուշարձաններ եւ մշակութային արժեքներ: Իսկ իր երկրի տարածքում հայկական հուշարձանները վերանորոգելու վերաբերյալ հայտարարությունները, ըստ Հ.Դեմոյանի, խաբկանք է եւ նպատակ է չեզոքացնել իր պարտավորությունները չկատարելու համար պատժվելու վտանգը: Շատ կարեւոր է, նշեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը, հավաքված փաստական նյութերով համարժեք պատասխան տալ մասնավորապես, Ջուղայի գերեզմանների ոչնչացման փաստին` այս տարվա դեկտեմբերին լրանում է մշակութային ցեղասպանության այդ դրսեւորման 5-րդ տարին: «Այսօր ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի տարածքում եւ նրա ենթակայության տակ գտնվող Նախիջեւանի երկրամասում հայկական հուշարձաններ այլեւս չկան»,- նշեց Հ.Դեմոյանը, հավելելով, որ Կիպրոսում եւ Ջուղայում մշակութային ժառանգության իրավիճակի շուրջ մոնիտորինգ անցկացնելու առաջարկները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մերժվում են: Հ.Դեմոյանը տարակուսանք հայտնեց, որ Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ Մացուրոն 3 անգամ այցելել է Բաքու: Գիտնական Համլետ Պետրոսյանի ելույթում անդրադարձ եղավ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնոցիդի դրսեւորումներին` աղվանական Ադբրեջան անվան տակ հայկական մշակութային արժեքների յուրացման կամ պարզապես 100-ավոր եկեղեցիների, խաչքարերի ոնչացման փաստերին:
Նոյյան տապան  -   Քաղաքական