Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում


Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում

  • 21-04-2022 17:58:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
 
Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային ուղարկած պաշտոնական գրությամբ հաստատել է՝ 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում:
 
Ժամկետները դեռևս հստակեցման փուլում են, բայց առաջնությունը կանցկացվի ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ ամեն ինչ պետք է անենք Եվրոպայի առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար. «Սա իսկապես շատ լավ հնարավորություն է մեր ամենաուժեղ մարզաձևերից մեկը կրկին ցուցադրելու, Եվրոպային ասելու, որ մենք լավ ծանրամարտ ունենք: Դա էլ, ընդհանուր առմամբ, կօգնի մասսայականության աճին: Պետք է ամեն ինչ անենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացնենք շատ բարձր մակարդակով»:
 
Հայաստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար:
 
Հիշեցնենք՝ մարտի վերջին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել էր  Եվրոպայի  ծանրամարտի ֆեդերացիայի  (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին  և  գլխավոր  քարտուղար  Միլան Միխայլովիչին:
EWF ներկայացուցիչներն այցելել էին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը կանցկացվի Եվրոպայի առաջնությունը: Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել էին մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play